Ձերբակալվելու մտավախությունից Ջորջ Բուշը չեղյալ է համարել իր այցը Շվեյցարիա
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը հետաձգել է իր այցը Շվեյցարիա, որտեղ պետք է ելույթ ունենար իսրայելական հիմնադրամներից մեկի կազմակերպած բարեգործական ընդունելության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, այցի հետաձգման պաշտոնական պատճառն անվտանգության նկատառումներն են եղել, սակայն ինչպես իրավապաշտպանններն են նշում, Բուշը չեղյալ է հայտարարել այցը ձերբակալվելու մտավախությունից:
Տեղեկատվության համաձայն, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, դրանց թվում «Human Rights Watch» -ն ու Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան այսօր մտադիր են շվեյցարական դատարան ներկայացնել 2500 էջանոց հայց ընդդեմ Ջորջ Բուշի, ում մեղադրում են Գուանտանամո բանտում ձերբակալվածների նկատմամբ բռնություններ գործածելու փաստի վրա աչք փակելու համար:
Բացի այդ, իրավապաշտպանները կոչ են արել իրենց կողմնակիցներին Բուշին Շվեյցարիայում դիմավորել բողոքի մասայական ցույցերով: