Ֆ. Ստոբբելար. « Տեղական դեղերը իրենց համարժեքներից վատը չեն` երբեմն նույնիսկ հակառակը»
Դեղագործական կառավարման գծով USAID/CAPS ծրագրի միջազգային փորձագետ Ֆրանս Ստոբբելարը, ում այցելությունները Հայաստան նպատակ ունեն աջակցել դեղագործական ոլորտի զարգացմանը և ռազմավարության մշակմանը, կարծում է, որ Հայաստանում հայկական խոշոր դեղագործական ընկերությունների մեծ մասը գերազանց վիճակում է, սակայն որոշներն էլ դեռ բարելավման և ներդրումների կարիք ունեն:
«Կարևորն այն է, որ արտադրողները հիմա հստակ գիտեն, թե ինչ է պետք իրենց և գիտակցում են, թե ինչպես կարելի է հասնել այդ նպատակներին»,- նշում է Ֆրանս Ստոբբելարը:
Անդրադառնալով ներկա փուլում դեղ արտադրողների խնդիրներին, պարոն Ստոբբելարը նախ` խոսեց սպառողների շրջանում վստահության պակասի մասին:
«Բժիշկները, սպառողները, նույնիսկ երբեմն դեղագետները տեղական դեղերը համարում են պակաս որակյալ, ինչը, այդպես չէ` տեղական դեղերը իրենց համարժեքներից վատը չեն` երբեմն նույնիսկ հակառակը: Բայց շատ դժվար է հաղթահարել այդ բացասական ընկալումը, դրա համար ժամանակ և հետևողական աշխատանք է պետք»,- ասաց USAID/CAPS ծրագրի միջազգային փորձագետը:
Խոսելով հայկական դեղարտադրության հեռանկարների մասին Ֆրանս Ստոբբելարը կարծիք հայտնեց, որ դեղարտադրության ապագան արտահանումն է:
«Պետք է ձգտել դառնալ մրցունակ` միջազգային շուկայում հայտնի դեղարտադրող ընկերությունների հետ մրցելու համար: Հայկական դեղերն առայժմ կարողանում են իրացման շուկա գտնել հետխորհրդային երկրներում, և արտահանում արդեն կա: Իսկ ապագայում, երբ ներդրվեն միջազգային բոլոր անհրաժեշտ ստանդարտները, դեղարտադրությունը կլինի մրցունակ, արտահանելի և կդառնա տնտեսության շարժիչ ուժերից մեկը »,- նշեց USAID/CAPS ծրագրի միջազգային փորձագետ Ֆրանս Ստոբբելարը: