Sabah. Թուրքիան փոխել է իր բոյկոտի քաղաքականությունը Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրների նկատմամբ
Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթում տեղ է գտել մի հրապարակում, որտեղ հոդվածագիր Դույգու Գյուվենչը ներկայացնում է պաշտոնական Անկարայի դիրքորոշման փոփոխությունը հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Հոդվածում, մասնավորապես նշվում է, որ վերջին շրջանում Անկարան ձեռնամուխ է լինում պատմականորեն ստեղծված հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը:
Անդրադարձ կատարելով արձանագրություններին` Գյուվենչը նշում է, որ գործընթացը հոգեբանական խոչընդոտի է հանդիպել, սակայն վերջիվերջո կյանքի է կոչվելու: Ըստ նրա` ակտիվացվելու են նաև շփումները հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:
«Թուրքիան առկախել է անցած տարիների ընթացքում ցեղասպանության բանաձևեր ընդունած երկրների նկատմամբ բոյկոտի քաղաքականությունը: Օրինակ` օրեր առաջ Թուրքիայի նախագահը հյուրընկալեց Արգենտինայի նախագահին: Սպասվում է Կանադայի Առևտրի նախարարի այցը Թուրքիա»,-գրում է Գյուվենչը և ավելացնում, որ «պատմական բեռից» ազատվելու գործընթացում, Անկարան վճռականություն է ցուցաբերելու: