Չինաստանում երեխաներին կթույլատրեն օն-լայն խաղեր խաղալ շաբաթական ընդամենը 2 ժամ
Չինաստանի իշխանությունները մտահոգված են երեխաների մոտ նկատվող ինտերնետ կախվածության բարձր ցուցանիշից։
Սոցիալական գիտությունների ակադեմիայի տվյալների համաձայն՝ երկրում ինտերնետ կախվածությունից տառապում է շուրջ 33 միլիոն դեռահաս։
Ավելին՝ օն-լայն խաղերից կախվածությունը նրանց մոտ շատ հաճախ դառնում է հանցագործության կատարման պատճառ։
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, երկրի իշխանությունները որոշել են այսուհետ երեխաների և դեռահասների օն -լայն կախվածության դեմ պայքարել պետական մակարդակով։
Ծնողներին խորհուրդ է տրվում թույլատրել երեխաներին օն-լայն խաղեր խաղալ շաբաթական 2 ժամից ոչ ավելի և ամսեկան խաղային գնումների վրա ծախսել կես դոլարից ոչ ավելի գումար։
2011 թվականի մարտի 1-ից օն-լայն խաղերի օպերատորները պետք է ներդնեն «ծնողական վերահսկողության» համակարգ, որը հնարավորություն կտա ծնողներին պարզել, թե օրական որքան ժամանակ է իրենց երեխան տրամարդում խաղին, ինչպես նաև արգելել նրան խաղալ չափազանց ագրեսիվ և մեծերի համար նախատեսված խաղեր։