«Ռազմագիտություն»-ը իր կարևորությամբ չպետք է զիջի մյուս առարկաներին»
ՊՆ Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորության մասին, նշեց որ դեռ շատ անելիքներ կան:
Նրա խոսով, պաշտպանության նախարարությունը համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում դպրոցների հետ, այսօր շատ դպրոցներ կցված են տարբեր զորամասերին
«Դպրոցները ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է առանցքային համարեն: Ես կարծում եմ, որ դպրոցներում լավ և գրագետ զինղեկ կադրերի պակաս կա: Դպրոցը, եթե իր պարտականությունները լավ կատարի, ապա մենք կունենանք կայացած զինվոր»,- ասաց նա և հավելեց, որ այս խնդրում շատ հարցեր կախված են դպրոցի տնօրենից:
Դ. Ջամալյանը, կարևորելով դպրոցներում ուսուցանվող «Ռազմագիտություն» առարկան, նշեց, որ դպրոցի տնօրեն պետք է այս առարկայի դասավանդմանը շատ ուշադրություն դարձնի, այնինչ շատ դպրոցներում այս առարկան ինչպես հարկն է, չի դասավանդվում: «Պետք է աշակերտներին ներկայացվի, որ սա առանցքային կարևորության առարկա է: Մեր դպրոցներում «Ռազմագիտություն» առարկան իր կարևորությամբ չպետք է զիջի մյուս առարկաներին»,- հավելեց նա: