Դինքի գործով հարցաքննվում է ևս 28 հոգի, այդ թվում` Ստամբուլի նախկին նահանգապետը
Երեկ Ստամբուլի Քրեական գործերով դատարանում «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատալսման ժամանակ Դինքի փաստաբան Ֆեթիհե Չեթինը, նշելով որ վերջերս հրապարակված գրքերում հայտնվել են գործին առնչվող որոշ փաստաթղթեր, որոնք ներառված չեն դատական գործում, պնդել է ընդլայնել հարցաքննությունը և նյութեր պահանջել նաև ԶՈւ գլխավոր շտաբից:
Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:
Դատզախազն էլ հայտնել է, որ արդեն սկսվել է ևս 28 քաղաքացիական անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամմեր Գյուլերի և Անվտանգության ծառայության պետ Ջելալեթթին Ջերրահի հարցաքննությունը, որի մասին նշված է եղել Դինքի ընտանիքի հայցադիմումում: Լսումները հետաձգվել են մինչև մարտի 28-ը:
Նշենք, որ Դինքին սպանած Օգյուն Սամսթը, որի գործերը տեղափոխվել էր անչափահասների գործերով դատարան, դատարանի առջև կկանգնի փետրվարի 28-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Պետական վերահսկիչ պալատին (ՊՎՊ-DDK) հրահանգել էր մանրակրկիտ ուսումնասիրել Հրանտ Դինքի սպանության գործն ու չորս տարի ընթացող դատավարությունը: ՊՎՊ-ն արդեն սկսել է քննության առնել այդ գործը և առաջիկայում կհանդիպի Դինքի ընտանիքի հետ: