Ադրբեջանցի ընդդիմադրին մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում
Ադրբեջանական դատարանը 2-ամսյա կալանքի է դատապարտել Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Ջաբար Սավալանին: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանն ասել է ընդդիմադիր գործչի փաստաբան Ասաբալի Մուստաֆաևը:
Փաստաբանը նաև հաղորդել է, որ իր պաշտպանյալին թմրանյութերի պահպանման վերաբերյալ մեղադրանք է ներկայացվել և նրան մինչև 3 տարի ազատազրկում է սպասվում:
Սավալանի փաստաբանը նշել է, որ ընդդիմության ակտիվիստին անհիմն են ձերբակալել և տեղեկացրել, որ ձերբակալությունը ուղեկցվել է նաև դատավարական նորմերի խախտմամբ: Փաստաբանը նշել է, որ տևական ժամանակ իրեն չի թույլատրվել հանդիպել իր պաշտպանյալին:
ԺողՃակատ կոսւակցության երիտասարդական կառռւյցի ղեկավար Աբուլֆազ Գուրբանլին համոզմունք է հայտնել, որ Սավալանին քաղաքական դրդապատճառներով են ձերբակալվել, այն կապելով հունվարի 20-ին «Շեհիդների պուրակում» կազմակերպված հանրահավաքներին՝ վերջինիս ակտիվ մասնակցությամբ: