Ա. Վիրաբյան «Հայաստանի արխիվները գտնվում են ապահով ձեռքերում»
Հայաստանի ազգային արխիվի 2010 թվականի աշխատանքների և թվայնացման նոր փուլի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Անցյալ տարի պետական կառույցներից մշտական պահպանության մեզ հանձնվել է 41 հազար 711 արխիվային փաստաթուղթ, ժամանակավոր պահպանության` 32 հազար փաստաթուղթ։ Մեզ հանձնվել է նաև շուրջ 132 հազար 241 թերթ և այլ փաստաթղթեր։ Մեզանից օգտվել է 418 հետազոտող, որոնց տրամադրվել է 26 հազարից ավել փաստաթուղթ և 25 հազար քաղաքացի»,-նշեց Ամատունի Վիրաբյանը։
Անդրադառնալով ազգային արխիվի թվայնացման ներկա փուլին և էլեկտրոնային շտեմարանի ստեղծման աշխատանքներին, ազգային արխիվի տնօրենը նշեց, որ ներկա փուլում ստեղծվում է էլեկտրոնային բազա։
«Վերջին երկու տարվա ընթացքում մենք թվայնացրել ենք մոտ 900 վավերագրական ֆիլմ ։ Հետագայում կարող է թվայնացվեն նաև ԽՄ տարբեր երկրներում ստեղծված ֆիլմերը։ Թվայնացվելու է նաև երեք մլն-ից ավել փաստաթուղթ։ Մեծածավալ աշխատանք պետք է տարվի, պետք է նաև թվայնացնող նոր սարքավորումներ ստանանք։ Կարող եմ ասել, որ Հայաստանի արխիվները գտնվում են ապահով ձեռքերում»,-ասաց Ամատունի Վիրաբյանը։