«Բանդիտական Երևան ու Հայաստանի արյունոտ հյուսիս». Wikileaks-ի նոր հրապարակումները
Wikileaks-ի ռուսաստանյան գործընկեր «Русский Репортер» կայքն այսօր ամերիկացի դիվանագետների գաղտնի փաստաթղթերից մանրամասներ է հրապարակել Հայաստանի վերաբերյալ, դրանցից մեկը վերանգրելով «Բանդիտական Երևան»: Մասնավորապես Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը գաղտնի փաստաթղթերում ներկայացրել է 2008-ի հոկտեմբերին տեղի ունեցած մի շարք քրեական դեպքեր` Սպիտակում, Երևանում, հոլանդացի գործարարի վրա հարձակման ու այլնի մասին, ընդ որում Հայաստանի հյուսիսը անվանում արյունոտ:
Յովանովիչը գրել է, որ այս մեկը մեկին հաջորդող դաժան հանցագործությունները ընդդիմությանը թույլ տվեցին Հայաստանը որակել որպես քրեական պետություն: Այդ տարվա հոկտեմբերի 24-26-ը ընկած ժամանակահատվածում, Յովանովիչը գրում է, որ Երևանում մի մարդ է սպանվել, Սպիտակում` չորս, Ստեփանավանում մի քանի մարդ վիրավորվել էր, նրանցից մի քանիսը` ծանր: Նորընտիր քաղաքապետի վրա հարձակման դրդապատճառները մնում են չբացահայտված, իսկ մամուլը գրել է մի շարք շահարկումների մասին, կապված դրանց քննության հետ: Այդ օրերին նաև օտարերկրյա գործարարն ու Հայաստանում Ուկրաինայի դեսպանն են թիրախ դարձել անհայտ անձանց կողմից:
Ամերիկացի դիվանագետը նաև գրում է Երևանի կենտրոնում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած սպանության մասին, նույն օրը մայրաքաղաքի դիսկոտեկներից մեկում կրակոցների մասին, որի հետևանքով մի մարդ էր վիրավորվել: Երկու դեպքում էլ, ըստ աղբյուրի, պաշտոնատար անձանց բարեկամներ են դեպքերի հետևում կանգնած եղել: Յովանովիչը նաև արձանագրել է, որ բոլոր դեպքերում ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարություններով` դատապարտելով բռնություններն ու խիստ քննադատելով ռեժիմին:
Դեսպանը նշում է, որ Երևանն ու Հայաստանը ավանդաբար անվտանգ են եղել սովորական քաղաքացիների և ժամանող օտարերկրացիների համար: Անօրինականությունը նոր բան չէ Հայաստանում, հատկապես քաղաքական, տնտեսական և քրեական ոլորտներում: Վերջին ժամանակներս ավելացել են հարկահանների և մաքսավորների սպանությունները: Միջադեպեր են տեղի ունենում օլիգարխների, գեներալների և նրանց երեխաների ու բարեկամների հետ: Այդ մարդիկ հաճախ սովորական քաղաքացիների հետ իրենց շփումներում իրենց վեր են դասում օրենքից:
Յովանովիչն այս համատեքստում նոր երևույթ է համարում դիվանագետի և օտարերկրացու վրա հարձակումները: Դեսպանատան եզրակացության մեջ նաև նշվում է.«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների բնակարաններ էլ են թալանվել, սակայն դեսպանի տան վրա հարձակումը, որը հովանավորվում է կառավարության կողմից, արդեն չափից դուրս է: Դեսպանատունը հետևում է այսօրինակ դեպքերին և պարզելու է՝ արդյոք սրանք շարունակական բնո՞ւյթ են կրելու, թե՞ առանձին դեպքեր էին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները