Ա. Բեգլարյան. Քանի դեռ ես պատրաստ եմ սուղ պայմաններում ուսանել, ապա նրանք պարտավոր էին գոնե դիմումս ընդունել
Ես պահանջում եմ կրթության իրավունքիս հարգում և իրացում: Այսօր նման հայտարարությամբ հանդես է եկել 22-ամյա կույր երիտասարդ Արտակ Բեգլարյանը` պատասխանելով նախօրեի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությանը :
«Հարգելի Արտակ Բեգլարյանի հրապարակումը՝ մարդկայնորեն որքան էլ հասկանալի և հուզիչ, տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների»,-ասել էր Տ. Բալյանը:
«Հարգելի Պարոն Բալայանը խոսում է հրապարակման մարդկայնորեն հուզիչ ասպեկտի մասին, այնինչ ես երբեք չեմ էլ ակնկալում խղճահարություն ստեղծելու միջոցով ճանապարհ հարթել իմ կրթության ու կյանքի ընթացքի համար: Տվյալ պարագայում ավելորդ է հուզվել, դրա փոխարեն պետք է մտածել, թե ինչու՞ է խախտվել օրենքը և ով է պատասխանատու դրա համար: ԱԳՆ կառավարման խորհրդի իրավական որոշումը ընդունվել է առանց որևէ օրինական հիմնավորման»,-ի պատասխան գրել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ավարտած Բեգլարյանը:
Նա հիշեցրել է, որ դիվանագիտական դպրոց դիմելու գործընթացը կարգավորող որոշումը ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի 121 որոշումն է, որտեղ ամրագրված սահմանափակումներից և ոչ մեկը չի համապատասխանում ինձ: Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի մեջ նշված են աչքի վարակիչ հիվանդություններ և տեսողության շեղում. դրանցից և ոչ մեկով ես հիվանդ չեմ: Այսպիսով, այդ օրենքին հղում անել ԱԳՆ-ը չի կարող ու չի էլ արել:
Ինչ վերաբերում է Բալայանի հայտարարության այն հատվածին, թե ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցում չկան տեխնիկական հնարավորություններ՝ հավասար պայմաններ ապահովելու սահմանափակ կարողություններով քաղաքացիների ոչ միայն կրթության, այլև ընդունելության և ավարտական գրավոր քննությունների համար, ապա Արտակը արձագանքում է. «Առանց ինձնից հարցնելու, թե ինչի կարիք հնարավոր է ունենամ քննության ժամանակ, նրանք ինչպե՞ս որոշեցին,որ հնարավոր չէ անհրաժեշտ պայմանները ստեղծել: Ի գիտություն ԱԳՆ-ի՝ ինձ անհրաժեշտ էր լինելու միայն մեկ համակարգիչ (եթե իհարկե չուզենային բանավոր կամ բռայլյան համակարգով վերցնեին քննությունները», ընդ որում, ես պատրաստ էի իմ դյուրաշարժ համակարգիչը տանել: Սա քննությունների հանձնման արդեն փորձված միջոց է ինձ մոտ: Վերջիվերջո, իրենց պատկերացրած պայմանների բացակայությունը թույլ չի տալիս նրանց միակողմանիորեն մերժել դիմումս ընդունելու: Քանի դեռ ես պատրաստ էի նույնիսկ սուղ պայմաններում ուսանել, ապա նրանք պարտավոր էին գոնե դիմումս ընդունել: Մի՛ մոռացեք, որ իմ նախորդ կրթությունն էլ եմ ստացել սովորական պայմաններում ու չեմ բողոքել դրանից: Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում, բոլոր չտեսնողները պետք է նստեն տանը՝ սպասելով մի գեղեցիկ օր այդ հրաշալի պայմանների ստեղծմանը»: