Եվրոպական հանձնաժողովի զեկույցում Թուրքիան խստորեն քննադատվել է
Եվրախորհրդի շրջանակներում գործող Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ-ECRI) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ 4-րդ զեկույցը: Թուրքական «Milliyet» օրաթերթը նկատել է տալիս, որ զեկույցում Թուրքիան քննադատության է ենթարկվում հատկապես ազգային փոքրամասնությունների կարգավիճակին ու կացությանը վերաբերող հարցերում:
Ըստ հիշյալ զեկույցի` հարկ է համարվել վերանայել Թուրքիայի սահմանադրության 42-րդ հոդվածը, որն արգելում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հանրակրթություն ստանալ իրենց մայրենի լեզվով: Նշվում է նաև, որ Թուրքիայի հայերը հետագայում սպառնալիքի տակ հայտնվելու վախից խուսափում են իրենց երեխաներին ուղարկել հայկական դպրոցներ:
Զեկույցը կոչ է անում նաև միջոցներ ձեռնարկել հակասեմիտիզմի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: