Ասանժի փաստաբանները շվեդ դատախազին դատարան են հրավիրել ցուցմունքներ տալու
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները կոչ են արել շվեդ դատախազ Մարիանե Նյուին, ով ավստրալացուն Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու հայց էր ներկայացրել բրիտանական իշխանություններին, ուրբաթ օրը գալ լոնդոնյան դատարան ու ցուցմունքներ տալ:Ըստր նրանց, ճիշտ կլիներ դատախազը մասնակցեր խաչաձև հարցաքննությանը:
Այս մասին հաղորդում են ռուսական աղբյուրները:
Փաստաբանների կոչին միացել է նաև Ասանժը, ով հայտարարել է, թե իր գործով լսումների ընթացքում ժամ առ ժամ ընթացակարգային խախտումներ են ի հայտ գալիս շվեդական դատախազության կողմից, մինչդեռ անձամբ դատախազ Մարիանե Նյուին իրենք դեռ չեն տեսել:
Կայացած վերջին դատական լսումների ընթացքում որոշում է կայացվել եզրափակիչ լսումների օր նշանակել գալիք ուրբաթ օրը, երբ կողմերը հանդես կգան հայտարարություններով:
Հիշեցնենք, Ջուլիան Ասանժին շվեդական կողմը մեղադրում է բռնաբարության ու սեռական ոտնձգությունների համար ու պահանջում վերջինիս էքստրադիցիայի ենթարկել Շվեդիա: Անձամբ ավստրալացին ժխտում է իրեն վերագրած բոլոր մեղադրանքները՝ այդ ամենի մեջ տեսնելով այլ ենթատեքստ, ինչը կապված է նրա գործունեության, մասնավորապես ԱՄՆ դիվանագիտական գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման հետ: