50 երիտասարդ հնարավորություն կստանա ծանոթանալու Եվրոպական Միության ինստիտուտների գործունեությանը
AEGEE-Երևան հասարակական կազմակերպության խնդրանքով ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մի շարք ուսանողներ կազմակերպել են հարցում, որը ցույց է տվել, որ Հայաստանի, և հատկապես մայրաքաղաքի երիտասարդությունը բավականին վատ է տեղեկացված Եվրոպական Միության գործունեության մասին: Այս մասին տեղեկացանք AEGEE-Երևան հասարակական կազմակերպությունից:
Հարցմանը մասնակցած 18-25 տարեկան երիտասարդների 76 %-ը հավատացած է, որ Հայաստանը համարվում է եվրոպական արժեքներ կրող երկիր և նրա ապագան լիովին կապված է Եվրոպական Միության հետ: Սակայն, միաժամանակ երտասարդների մեծամասնությունը պատասխանեց, որ ամենևին չի պատկերացնում Եվրոպական Միության ինստիտուցիոնալ համակարգի կառուցվածքը:
Հաշվի առնելով վերոնշյալը` AEGEE-Երևան կազմակերպության գրասենյակը բավականին մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ նախաձեռնում է մի ծրագիր, որի նպատակն է հայ երիտասարդության լայն շրջանակների համար ավելի հասկանալի և մատչելի դարձնել Եվրոպական Միության ինստիտուտների աշխատանքը:
Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 19-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում: Ներկայացված դիմում-հայտերի հիման վրա կազմակերպությունը կընտրի 50 երիտասարդի, ովքեր էլ հնարավորություն կստանան ծանոթանալու Եվրոպական Միության ինստիտուտների գործունեությանը, ինչպես նաև կկարողանան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել փորձագետներին:
Ավելացնենք նաև, որ միջոցառմանն աջակցում է AEGEE կազմակերպության կենտրոնական գրասենյակը, որը գտնվում է Բրյուսել քաղաքում: Բացի Երևանից, նման միջոցառում անցկացնելու հնարավորություն են ստացել նաև եվրոպական չորս քաղաքներ Սկոպյեն, Նովի Սադը, Կիևը և Մոսկվան: