Արցախցի ուսանողները Երևանում են
ԵՊՀ ուսանողական խորհրդի հրավերով փետրվարի 10-ից Երևանում են Արցախի պետական համալսարանի (ԱՊՀ) ուսանողական խորհրդի ներկայացուցիչները:
Վաղը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա ԱՊՀ ուսանողական պատվիրակության հանդիպումը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու բուհերի համագործակցության ծրագրերը, մասնավորապես ուսանողական աշխատանքների շրջանակում:
ՀՀ և ԼՂՀ մայր բուհերի ուսանողական կառույցների համագործակցությունը այսուհետ նաև իրավական հիմք կունենա. հանդիպման ընթացքում կառույցների ղեկավարները համագործակցության հուշագիր կստորագրեն:
Հանդիպման վերջում կանցկացվի 2010 թ-ի նոյեմբերի 13-ին Արցախի պետական համալսարանում ԵՊՀ ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված «ԼՂՀ. արդի մարտահրավերներ, զարգացման հեռանկարներ» ուսանողական գիտաժողովի թեզիսների ժողովածուի շնորհանդեսը: