Իրանի իրականացրած քաղաքականությունն Ադրբեջանի սրտո՞վ չէ
Վերջին ժամանակներս, Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեծ թվով փորձեր են իրականացվել և դա մտահոգում է մեզ: Այս մասին, անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին, «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, նշել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:
Վերջինս նշել է, թե բացասականորեն է մոտենում Իրանի կողմից վարվող այդ քաղաքականությանը: Նա վրդովված նշել է, որ իրենք երբեք չեն խառնվել Իրանի ներքին գործերին ու դա այն դեպքում, որ այդ երկրում մեծ թվով էթնիկ ադրբեջանցիներ են ապրում: Նրա խոսքերով, իրանական ԶԼՄ-ի հակաադրբեջանական արձագանքներից կարելի է եզրակացնել, որ նրանք չեն հարգում նաև իրենց երկրում ապրող ադրբեջանցիներին:
Ահմեդովը հակաադրբեջանական քաղաքականություն տարածելու մեջ մեղադրել է իրանական լրատվամիջոցներին ու ավելացրել, որ վերջիններս հաշվի չեն առնում Ադրբեջանի ու Իրանի հարևան լինելու հանգամանքը:
Ահմեդովը խոսելով Իրանի էթնիկ ադրբեջանցիների առկայության մասին նշել է, որ, օրինակ՝ Հայաստանն ու Ֆրանսիան ավանդապես լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ և դա հենց միայն այն պատճառով, որ Ֆրանսիայում մեծ թվով հայեր են ապրում: Վերջինս իրանական կողմին հասկացրել է, որ իրենք նույն վերաբերմունքն է սպասում Իրանից: