Սփյուռքահայերի կրթությունը հայրենիքում խրախուսվում է
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ամփոփել է 2010-2011 ուսումնական տարում Հայաստանի մասնագիտական ուսումնական հաստատություններ արտոնյալ պայմաններով սփյուռքահայ դիմորդների ընդունելության արդյունքները։
Նախարարության կողմից 1997թ.-ից իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի մասնագիտական կրթության միջոցով Սփյուռքի երիտասարդությանը կապել հայրենիքին, մասնագիտական կադրեր պատրաստելու գործում աջակցել Սփյուռքին, նպաստել տեղերում ազգային կրթության կազմակերպմանը և հայագիտության զարգացմանն ուղղված գործին, ինչպես նաև՝ խրախուսել ներգաղթը։
Սփյուռքահայերի կրթությունը Հայաստանում կազմակերպվում է բոլոր ուսումնական աստիճաններում (միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտի, դոկտորանտի), ուսուցման բոլոր ձևերով (առկա, հեռակա, հեռավար), վճարովի և անվճար հիմունքներով:
2010-2011 ուսումնական տարվա տվյալներով ընդհանուր առմամբ 3370 սփյուռքահայ է սովորում Հայաստանի պետական բուհերում, որից 296-ը պետական պատվերի, իսկ 3074-ը՝ վճարովի համակարգում: Սփյուռքահայ 466 երիտասարդ մասնագիտական բարձրագույն կրթություն է ստանում հանրապետությունում գործող միջազգային, իսկ 785-ը` ոչ պետական բուհերում։ Քոլեջներում սովորում է 205 սփյուռքահայ ուսանող։ Նրանք ընթացիկ ուսումնական տարում ամենաշատը նախընտրել են կրթություն ստանալ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ 406 ուսանող, ԵՊՀ-ում՝ 280, Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանում՝ 234, Մովսես Խորենացու անվան համալսարանում՝ 94, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում՝ 83։
Ինչպես հայտնում են ԿԳ նախարարությունից, որդեգրած ռազմավարությունն իրագործվում է սփյուռքահայերի համար ընդունելության արտոնյալ պայմաններ սահմանելու միջոցով: Վերջինիս կարիքը բխում է այն իրողությունից, որ Հայաստանից դուրս միջնակարգ կրթություն ստացած անձը դժվարություններ է ունենում Հայաստանում գործող կրթական չափորոշիչներին և ուսումնական ծրագրերին համապատասխան ընդունելության քննությունները հանձնելու հետ կապված: Սփյուռքի երիտասարդության ստվար մասի հայերենի չիմացությունը կամ ոչ բավարար իմացությունը նույնպես խոչընդոտում է Հայաստանում նրանց կրթություն ստանալուն: Արտոնյալ պայմանները սփյուռքահայերին հնարավորություն են տալիս ընդունվելու առանց քննությունների` նախապատրաստական բաժնի միջոցով:
Ծրագիրն անուղղակիորեն ծառայում է նաև ներգաղթին: Հարցումների համաձայն` ՀՀ ուսումնական հաստատություններում կրթություն ստացած սփյուռքահայերի մի մասն այլևս չի վերադառնում իր բնակության երկիրը և հետագա կյանքը կապում է Հայաստանի հետ: Վերջին հինգ տարիներին նման դիմորդների թիվն աճում է: Սփյուռքահայերի անվճար կրթությունը կազմակերպվում է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 70 պետպատվերային տեղերի շրջանակում: Տեղերի բաշխումը իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստեղծվող հանձնաժողովի նիստում՝ առաջնահերթություն տալով հայագիտական, մանկավարժական, արվեստի և Սփյուռքի համար գերակա նշանակության ունեցող այլ մասնագիտություններին:
Հատուկ պայմաններ են ստեղծված Սփյուռքում աշխատող մանկավարժների համար, ովքեր կարող են իրենց ուսումը շարունակել Մանկավարժական համալսարանի հեռակա բաժնում, մագիստրատուրայում կամ բակալավրիատում: Բարձրագույն ոչ մանկավարժական կրթության առկայության պարագայում կարող է հաշվարկվել առարկայական տարբերությունը և ուսումը սկսվի 2-րդ կամ 3-րդ կուրսից:
2011թ.-ին սփյուռքահայ դիմորդների թվի աճ է նախատեսվում, քանի որ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներում կատարվել է լրացում, համաձայն որի, Հայաստանից դուրս կրթություն ստացած երկքաղաքացիները կարող են օգտվել օտարերկրացիների համար նախատեսված արտոնություններից, ինչի հնարավորությունը նախկինում չի եղել։
2010-2011 ուսումնական տարում Հայաստանի բուհերում և քոլեջներում սովորող սփյուռքահայերը հիմնականում եկել են Վրաստանից՝ 1645 ուսանող, Ռուսաստանից՝ 1073, Իրանից՝ 291, Սիրիայից՝ 82, Ուկրաինայից՝ 65 և Թուրքմենստանից՝ 40։