Կառավարությունը գերավճարների վերադարձման ուշացման դեպքում խիստ միջոցներ է սահմանելու
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգը:
Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ներկայումս գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման կամ վճարման կարգ որևէ իրավական ակտով սահմանված չէ: Վերոնշյալ կարգի բացակայությունը անհնարին է դարձնում գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկումը, վճարումն ու հաշվանցումը: Տույժերի հաշվարկը շարունակվում է այնքան ժամանակ, քանի առկա է գերավճար եւ (կամ) գերավճարից տարբերվող գումար, որը չի վերադարձվել օրենքով սահմանված ժամկետին հաջորդող 90 օրվա ընթացքում:
Տույժերը հաշվարկվում են հարկ վճարողի յուրաքանչյուր դիմումին համապատասխանող` օրենքով սահմանված ժամկետին հաջորդող 90 օրվա ընթացքում չվերադարձված գումարի համար առանձին:
«Կառավարությունը ինքն իր համար սահմանում է շատ խիստ պատժամիջոցներ, տույժ և տուգանք հաշվարկելու մեթոդաբանությունը, ինչը նշանակում է, որ եթե մենք չենք կատարելու ժամանակին ամբողջ ծավալով մեր պարտավորությունը տնտեսության սուբյեկտի նկատմամբ, ապա մենք պարտավոր ենք լինելու տույժ և տուգանք նրան վճարել ամեն ուշացված օրվա համար»,- նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ այս որոշումն ավելի շատ ուղղված է տնտեսվարողների շահերի պաշտպանությանը և կառավարության համար ստեղծում է խիստ միջավայր, որպեսզի թույլ չտան ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի ուշացում:
Ըստ վարչապետի, նախորդ երկու տարիների ընթացքում ամբողջությամբ կատարել են իրենց պարտավորությունները, և չի եղել այդ երկու տարիների ընթացքում որևիցե դեպք, երբ չվերադարձնեն ԱԱՀ-ի նրանց հասանելիք մասը : «Իսկ 2011թ.-ին պայմանը դառնում է մեզ համար ավելի խիստ»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան