Թուրքիայում շարունակվում է գեներալների որսը. ձերբակալվել է 163 զինվորական
Թուրքիայի հանրապետական դատախազությունը «Balyoz» (Մեծ մուրճ)-ի գործով ընթացող 13-րդ դատավարության ժամանակ 163 գործող և պաշտոնաթող զինվորականների ձերբակալման որոշում է կայացրել: Ըստ թուրքական «Dogan» (Դողան) լրատվական գործակալության` նրանցից 134-ին ձերբակալել են հենց դատարանի դահլիճում, իսկ մնացյալ 27-ին բերման ենթարկելու և կալանավորելու վճիռ է արձակվել: Այդպիսով ձերբակալվում են ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, ծովակալ Օզդեն, Օրնեքը, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, ծովակալ Իբրահիմ Ֆըրթընան, բանակի պաշտոնաթող գեներալներ Չեթին Դողանը, Էրգին Սայգունը և այլ բարձրաստիճան զինվորականներ: Թուրքական մամուլն այս իրադարձությունը որակել է իբրև շոկ:
Հիշեցնենք, որ «Բալյոզ» ռազմապետական հեղաշրջման ծրագրի մասին առաջին աղմկահարույց հոդվածը հրապարակվեց թուրքական «Taraf» թերթում 2010 թվականի հունվարի 20-ին: Զինվորականները դժգոհ էին մնացել 2002թ. խորհրդարանական ընտրություններից, քանի որ հաղթել էր իսլամիստական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժը` ներկայումս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը: Հիշյալ ծրագրով նախատեսվել էր Թուրքիայում պայթեցնել մզկիթներ, ռմբահարել մի քանի թուրքական մարտական ինքնաթիռներ, իրականացնել աղմկահարույց սպանություններ, երկրում հայտարարել արտակարգ դրություն և ստեղծվելիք քաոսային իրավիճակը ծառայեցնել հեղաշրջմանը` նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը: