Մարտի 1-ից Երևանի դպրոցներում աբոնոմենտային ծրագիրը պետք է աշխատի
Այսօրվա աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրել մայրաքաղաքի երթևեկության կառավարման ու կանոնակարգման հետ կապված հարցերին: Հանձնարարվել է արագացնել ծանրաբեռնված խաչմերուկներում և կանգառներում ճանապարհային տեսախցիկների տեղադրման, ժամային նոր գրաֆիկների մշակման և ավտոկայանատեղիների գործունեությունը օրինական դաշտ բերելու գործընթացը:
Հանձնարարվել է նաև բյուջետային տարվա համար կանխատեսումներ ներկայացնել ֆինանսական մուտքերի վերաբերյալ:
Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններն արդեն ներկայացրել են 2011թ-ի բյուջեով նախատեսված շինարարության և բարեկարգման ծրագրերը: Արդեն ընթացքի մեջ է գնման հայտերի ներկայացման գործընթացը:
Մայրաքաղաքի դպրոցներում աբոնեմենտային համակարգ ներդնելու ծրագրի հետ կապված հանձնարավել է արագացնել կազմակերպչական աշխատանքները. «Մարտի 1-ից աբոնոմենտային ծրագիրը պետք է աշխատի: Այդ ծրագրի մեջ պետք է նաև ընդգրկել թանգարանները»,-ասել է քաղաքապետը:
Մայրաքաղաքում գործող փակ շուկաների ներսում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման մասով հանձնարարականների շրջանակում զեկուցվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: