Ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը նվիրված միջազգային կոնֆերանս` ապրիլին
2010թ.-ին էներգետիկայի ոլորտի ձեռքբերումները հնարավորություն տվեցին նախապատրաստել բավարար հիմքեր` 2011թ.-ին էներգահամակարգի գերակա ուղղությունները սահմանելու և դրանց իրականացմանն ուղղված գործընթացները կազմակերպելու համար: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
Ըստ նրա, նախորդ տարվանից մեկնարկած մի քանի ծրագրեր` Իրան-Հայաստան 400 կվտ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը, այս տարի մտել են գործնական փուլ, որոնք էական ազդեցություն կթողնեն հանրապետության էներգետիկ համակարգի վրա:
Ա.Մովսիսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ավարտին հասցնել Մեղրի ՀԷԿ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքները: Նախարարը կարևորեց նաև Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Հրազդան-Շինուհայր 220 կվ լարման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման մեկնարկը:
Հայաստանի էներգահամակարգի ռազմավարական ճյուղը, նրա խոսքով, ատոմային էներգետիկան է: 2010թ.-ի ընթացքում Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը մտավ գործնական փուլ:
Ա.Մովսիսյանը տեղեկացրեց, որ այս տարվա ապրիլին Երևանում կանցկացվի Ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը նվիրված միջազգային կոնֆերանս, որին կմասնակցեն այն ընկերությունները, երկրները, որոնք շահագրգռված են ներդրումներ իրականացնել Հայաստանում կառուցվող նոր էներգաբլոկում: Նրանց կներկայացվի ապագա էներգաբոկը`ամբողջ տնտեսական և տեխնիկական ցուցանիշներով: Դրանից հետո, ըստ նախարարի, կսկսվեն պոտենցիալ ներդրողների հետ բանակցությունները:
Նախարարը նշեց նաև, որ մինչև տարեվերջ նախատեսվում է գործնական փուլ մտցնել Թավրիզ-Երասխ նավթամթերքի խողովակաշարի շինարարությունը, որը կկառուցվի երկու տարվա ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա