Դպրոցի տնօրեններ կան, որ ոչ ԿԳՆ-ին են բավարարում, ոչ էլ Երևանի քաղաքապետին
Ոչ բոլոր դպրոցների տնօրեններն են բավարարում մեզ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման խոստովանություն արեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, հավելելով, որ հավաստագրման գործընթացն ու բարեփոխումների շրջանակում իրականացված մյուս ծրագրերի նպատակը հենց այն է, որ «ի դեմս տնօրենների ունենանք բավականին լուրջ վարչակարգ մասնագետների»:
Լրագրողները մեկնաբանություն խնդրեցին ոլորտի պատասխանատուից Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի մայրաքաղաի դպրոցներում «մաղումներ» պետք է իրականացվեն: Մ. Մկրտչյանը նախ խորհուրդ տվեց դրա վերաբերյալ առիթի դեպքում լսել քաղաքապետի բացատրությունը, ապա հավելեց. «Այնպես որ բնական է, որ կան տնօրեններ, որոնք իրենց մակարդակով կամ բարոյական կերպարով չեն բավարարում նաև քաղաքապետին»:
«Էդ մաղումների, բանի մասին ես ճիշտն ասած չեմ լսել, բայց չեմ կարծում, որ վատ իմաստով է ասված»,-ասաց ԿԳ փոխնախարարն ու ավելացրեց, որ նախարարությունում լուրջ ուշադրություն են դարձնում որակյալ կադրերի պատրաստմանը, ապա խորհուրդ տվեց չծայրահեղացնել վիճակը, քանի որ շատ լավ տնօրեններ էլ կան, «որոնք իսկապես արդարացնում են իրենց ու ունեն մեծ նվաճումներ»:
Նա խորհուրդ տվեց դպրոցի պրոբլեմների մասին շատ զգույշ խոսել, քանի որ անձնվեր գործ անող շատ լավ մարդիկ կան, և չլինի հանկարծ նրանց էլ վիրավորեն:
Լրագրողները նա հետաքրքրվեցին օրերս «Ֆեյսբուք» սոցցանցում շրջանառվող մի տեսահոլովակի մասին, երբ Հրազդանի դպրոցներից մեկում տնօրենը սեռական բնույթի հայհոյանքեր է ուղղում աշակերտներից մեկի հասցեին, նաև թերթերից մեկում հրապարակված նյութի վերաբերյալ, որտեղ այս անգամ կին տնօրեն է հայհոյում աշակերտին, ապա մարդ բերում նրա վրա: «Եկեք այսպես ավելի խորը նայենք, ավելի լուրջ քնարկենք այդ հարցը: Դա շատ լուրջ հարց է»,-ասաց բանախոսն ու նշեց, որ իրենք է ահազանգեր ստանում են: Նախարարությունում կան հատուկ մասնագետներ, որ պետք է ուսումնասիրեն հենց այդ դեպքերը: «Ես չէի ուզի, որ շահարկումներ լինեն»,-ասաց Մ. Մկրտչյանը, նշելով, որ կան վատ բարքի տեր աշակերտներ, իսկ ուսուցիչներն էլ երբեմն իրենց թույլ են տալիս բաներ, որ չպետք է անեին:
Նա զարմանք հայտնեց փաստի կապակցությամբ, որ աշակերտները հաճախ բողոքում են ուսուցչի ու տնօրենի վարքից, իսկ ընկերների վարքի մասին ոչինչ չեն ասում: Նրա խոսքով, դպրոցների խնդիրը բարձրացնելու, դուրս հանելու և քննարկելու դեպքում, պետք է բոլոր կողմերը ներկայացվեն, բացատրվի, թե ինչպես է նման իրավիճակ ստեղծվել: «Թե չէ ասենք, անձամբ ես նամակ եմ ստանում, որտեղ գրված է անուն-ազգանուն, հասցեն, բողոք տնօրենից, հետաքրքրվում ենք, այդտեղ նման մարդ չի ապրում: Դպրոցներում նման երևույթ կա, մենք զբաղվում ենք»,-ասաց Մկրտչյանը: