Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը Բաքվում քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը
Անցած շաբաթ, երբ բոլորի ուշադրությունը սևեռված էր Եգիպոսի և մերձավորարևելյան տարածաշրջանի ցնցումների վրա, Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (ԱՀԾ-MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ազգային անվտանգության նախարար գեներալ Էլդար Մահմուդովի հետ: Այս մասին իրազեկող թուրքական «Tumhaberler» լրատվական կայքը հայտնում է, որ այդ հանդիպումների ժամանակ Ֆիդանը նախագահ Գյուլի և վարչապետ Էրդողանի բարեկամության և եղբայրության ուղերձներն է փոխանցել ադրբեջանական կողմին:
Նշվում է, որ կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը, տարածաշրջանային խնդիրներ, թուրք-ադրբեջանական ռազմավարական և էներգետիկ գործակցության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր: Ֆիդանը Ադրբեջանի իշխանական վերնախավին ներկայացրել է Անկարայի դիրքորոշումն այն մասին, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի երկխոսության և խաղաղ ճանապարհով:
Բացի այդ ընդգծվել է նաև այն հանգմանքը, որ Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ հարցերում մեծապես զգում են միմյանց կարիքը: Այսպես` Անկարային անհրաժեշտ է Բաքվի աջակցությունը, որպեսզի կարողանա անվտանգ կերպով ապահովել Եվրոպայի էներգետիկ պահանջի բավարարումը: Իսկ Բաքուն էլ կարիք ունի թուրքերի աջակցությամբ իր էներգակիրները հասցնել համաշխարհային շուկա ու հնարավորինս ազատվել ռուսական ճնշող ազդեցությունից: