«Կրթական համակարգը դեռևս հեռու է իր առաքելության լիարժեք ու ամբողջական իրականացումից». խոստովանում է ԿԳՆ-ն
Կրթության զարգացումը, դրա որակի ու արդյունավետության բարձրացումը Հայաստանում միշտ են եղել օրակարգային, իսկ որպեսզի այն նաև համակարգային հիմքեր ունենա, ԿԳ նախարարությունն Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացրել Կրթության զարգացման 2011-15թթ. Պետական ծրագիրը:
Այսօր, ինչպես արդեն նշել էինք, խորհրդարանական լսումներում անցավ քննարկման առաջին փուլը. բնական է, խոսքը ԱԺ լիագումար նիստի մասին չէ: Իսկ ներկայացրեց դրա դրույթներն ու հիմնական մեխերը նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ ծրագրի հիմքում դրվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված կրթության առանձին ոլորտների ռազմավարական ծրագրերն ու զարգացման հայեցակարգերը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ մշակված «Կրթություն-2015 » զարգացման հայեցակարգը:
Մինչ նախարարի ներկայացրած դրույթներին անդրադառնալը` նշենք, որ հենց ծրագրում խոստովանվում է ակնհայտը` անկախ նրանից, որ անկախությունից ի վեր Հայաստանում փորձ է արվում բարեփոխումներով կարգավորել կրթական ոլորտը, այդուհանդերձ, մեջբերում եմ, «Կրթության համակարգը դեռևս հեռու է իր առաքելության լիարժեք և ամբողջական իրականացումից, մինչդեռ առաջ են եկել նոր մարտահրավերներ, որոնց հաղթահարմամբ է պայմանավորված կրթության ապագան»:
Իր ելույթում նախարարը ևս անդրադարձավ կրթության առաքելություններին ու, հատկապես, այն հանգամանքին, թե կրթությունն ազգային անվտանգության հենասյուներից մեկն է:
«Մատնանշածս մոտեցումը զետեղված է նաև Ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներում և դիտարկվում է իբրև ներքին անվտանգության լրջագույն գործոններից մեկը` ժողովրդավարության, ազգային ինքնության պահպանման և այլ համապատասխան ուղղությունների հետ միասին»,- հայտարարեց Ա.Աշոտյանը:
Ինչ վերաբերում է բուն ծրագրին, ապա դրա ընդունումը, ըստ նախարարի, թույլ կտա առավել համակարգված դարձնել կրթության ոլորտում այն բարեփոխումներն ու իրականացնել փոփոխությունները, որոնք այսօր առկա են, ինչպես նաև հիմք կծառայի կրթության ֆինանսավորմանն ու զարգացմանը 2011-15թթ-ին:
Նախարարը աչքաթող չարեց նաև կարմիր թելով անցնող սկզբունքները.
«Հասարակությունը կրթությունը պետք է ընկալի գիտակցված` սա այն արժեհամակարգն ու արմատներն են, որ ունենք և հենց այդ ընկալումն է, որ պետք է զերծ պահի շքերթային հայրենասիրությունից ու այն դրամատիկ խզումից, որ առաջանում է մեր խոսքերի ու մերկ իրականության միջև»:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Աղվերանում նախարարը գերատեսչության պատասխանատուներին էր ներկայացնում երկրորդ վարկային ծրագիրը, որը միտված է գրեթե նույնին` ապահովել կրթության որակի համապատասխանությունն ու դրա արդյունավետությունը: Եվ Աղվերանում , և այսօր նաև Ազգային Ժողովում նախարարը շեշտադրեց այն թեզը, որ կրթությունը, վերջապես, մեզանում պետք է դիտարկվի իբրև տնտեսական զարգացման հիմք: Եվ այդ դրույթները ևս առկա են Պետական ծրագրում, որը մշակվել է դեռևս 2007թ-ին, բայց չգիտես ինչու խորհրդարանում շրջանառվելով, այդուհանդերձ մինչ օրս պատգամավորների քննարկմանը չի ներկայացվել: