Ա~խ այդ կրթական համակարգի կոռումպացվածությունը
Հայաստանում կրթությունը, փաստորեն, ֆետիշ է: Ամեն դեպքում նման հայտարարությամբ այսօրվա իր ելույթում հանդես եկավ հիշյալ ոլորտի թիվ մեկ պատասխանատու Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ ելույթը հնչեց ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ-ի Պետական ծրագիրը Ազգային Ժողովին ներկայացնելու նպատակով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Թեկուզ շտապենք ընդգծել, որ բացի այն ներկայացնելուց, փաստորեն ֆետիշացված համակարգի նախարարը զերծ չմնաց նաև ինքնաքննադատական խոսքեր հնչեցնելուց:
Մասնավորապես, որ մեզանում բարձրագույն կրթությունը դիտարկվում է ոչ այնքան որպես այդպիսին, որքան ուղղակի դիպլոմ ունենալու հեռանկար, ընդ որում այդ ձևականությունը, ըստ Ա.Աշոտյանի, առկա է մեր հասարակության զգալի հատվածի մոտ: Իսկ սրան գումարած էլ որակի այն ցածր պատկերը, որ կա համակարգի կառավարման բոլոր օղակներում` դպրոցականից մինչև նախարարություն, ըստ նախարարի, պատկերն ամբողջական է դարձնում:
«Ես հատուկ են մատնանշում նաև նախարարությունը, որպեսզի չասեն, թե ինչու ենք միշտ ուրիշներին մեղադրում»,- բացատրեց Աշոտյանը:
Անշուշտ, անդրադառնալով այն հանգամանքին, որ հասարակության զգալի մասը ձգտում է ոչ թե բարձրագույն կրթություն ստանալուն, այլ ուղղակի դիպլոմ ձեռք բերելուն` ցանկացած ձևով, Ա.Աշոտյանը կանգ առավ նաև կրթական համակարգում ծաղկող ու բարգավաճող կոռուպցիոն երևույթներին, քանզի դրանք, դարձյալ հասկանալի է, խոչընդոտում են կրթության զարգացումն ու վերջին տարիներին ներդրվող բարեփոխումների արդյունավետ ընթացքին:
Իրականում, կարծիք հայտնեց նա, կոռուպցիոն երևություներն ուղղակի այն հիվանդությունների ախտանիշներն են, որ կան ավելի խորքային մակարդակում, ավելի կոնկրետ` կրթության համակարգում, և դրանք ինքնաբերաբար հետևանք են աղավաղված, աղճատված առաքելությունների և այլ մարտահրավերների: