CPJ. «Ադրբեջանի ավտորիտար իշխանության հենարանը խոսքի ազատության ճնշումն է ու բռնությունները»
«Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությունը հիմնված է խոսքի ազատության ճնշման, ազատ լրագրողների հետապնդման ու նրանց հանդեպ բռնությունների կիրառման վրա»,- Ադրբեջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում նման եզրակացության է հանգել «Committee to protect journalists» (լրագրողների պաշտպանության հանձնաժողով` CPJ) ամերիկյան կազմակերպությունը:
CPJ-ն գրում է.իր նախագահական պաշտոնի ամրությունը գազի և նավթի բնական պաշարներով ապահովող Իլհամ Ալիևը փորձում է շրջանցել իր երկրի ավանդական գործընկերներին` Ռուսաստանը և Թուրքիան և իր անձնական խաղը խաղալ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ:
Ողջ տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Եվրոպայի ղեկավարները մեծ ուշադրության էին արժանացնում Ալիևին` հուսալով, որ Ադրբեջանի օգնությամբ Կասպից ծովի գազը Թուրքիայի միջոցով կհասնի մայրցամաքի մյուս հատվածին: Արդյունքում` կնվազի Ռուսաստանի ազդեցությունը: Սակայն, Ռուսաստանն այնպիսի համաձայնագրեր ստորագրեց Ալիևի հետ, որոնց արդյունքում Ռուսաստանը գնեց Ադրբեջանի նավթի և գազի պաշարների մեծ մասը: Այս համաձայնագիրը ժամանակավոր փափուկ բարձ դարձավ Ադրբեջանի դեգրադացվող տնտեսության համար և թույլ տվեց Ալիևին անտեսել Ադրբեջանում խոսքի ազատության և մարդու իրավունքների անմխիթար վիճակի մասին Արևմուտքից հնչող մեղադրանքներն ու մտահոգությունները:
CPJ-ն նշում է, որ Ադրբեջանում շարունակում են ճաղերի ետևում պահել 2007թ-ի ապրիլին ձերբակալված լրագրող և երկու փակված թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևին: Վերջինս լրագրողական հետաքննություն էր անցկացնում իր ղեկավարի` Էլմար Հուսեյնովի մահվան կապակցությամբ: Նա հայտարարել էր, որ Հուսեյնովի մահվան հեղինակները Բաքվի իշխանավորներն են: 2010թ-ի մարտին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջեց անմիջապես ազատ արձակել Ֆաթուլաևին, քանի որ Ադրբեջանի իշխանությունը խախտել էր վերջինիս խոսքի ազատությունն ու անմեղության կանխավարկածի իրավունքը: Չնայած եվրոպական դատարանի որոշմանն Ադրբեջանի իշխանությունները մեկ այլ կեղծ մեղադրանք ներկայացրեցին Ֆաթուլայեվի դեմ, որպեսզի կարողանան նրան բանտում պահել: Նրանք հայտնեցին, թե վերջինիս մոտ բանտում հերոյին են հայտնաբերել: Ի պատասխան Ֆաթուլաևը հայտարարեց, որ բանտի պահակախումբը հերոյինը նրա գրպանն էր դրել, երբ վերջինս հանել էր շորերը լողանալու համար:
«Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ագրեսիվ որս սկսեց Ֆաթուլաևի կողմնակիցների վրա: Ազգային անվտանգության սպաները Ֆաթուլաևին սատարելու համար պարբերաբար հարցաքննության են կանչում ադրբեջանական «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևին, «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր թերթի խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուին, անգամ` ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի հիմնադրին և մի շարք այլ լրագրողների, որոնք համարձակվել են հնչեցնել Ֆաթուլայեվի տեսակետները»,-նշված է «CPJ»-ի հոդվածում:
Կազմակերպության հետազոտությունները ցույց են տվել, որ Ադրբեջանի իշխանավորները դիմում են ստոր արարքների իրենց երկրի լրագրողներին խեղդելու և նրանց ձայնը խլացնելու համար:
Ադրբեջանի կառավարությունը վերահսկում է երկրի 8 ազգային և 14 տարածաշրջանային հեռուստաընկերությունները, որոնք այդ երկրում տեղեկություններ ստանալու հիմնական աղբյուրն են: Ադրբեջանի նախագահի կողմից նշանակված Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի բոլոր 9 անդամները շարունակում են խոչընդոտել BBC-ի և «Ամերիկայի ձայն» ռադիոալիքի հեռարձակումն Ադրբեջանի տարածքում: Կառավարությունը շարունակում է պետական AzTV հեռուստաալիքն օգտագործել Ալիևի և իր գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության մեծարման քարոզչության համար:
Լրագրողների պաշտպանությամբ զբաղվող ամերիկյան կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանում լրագրողներն աշխատում են բռնությունների, ամենաթողության և անպատժելիության միջավայրում: Օրինակ` հուլիսի 28-ին անհայտ անձինքն դաժան ծեծի են ենթարկել «Ենի մուսավաթ» թերթի լրագրող Էլմին Բադալովին և «Միլի Յոլի»-ի խմբագրի տեղակալ Անար Գերայլիին, երբ վերջիններս փորձում էին ֆոտոնկարել Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի շքեղ դղյակը:
«CPJ»-ի հետազոտությունները ցույց են տվել, որ Նախիջևանում պատկերը նույնն է. երբ Նախիջևանի Բանանյար գյուղի բնակիչները «հանդգնեցին» բողոք ուղարկել Բաքու տեղական ինքնակառավարման իշխանությունների կողմից իրականացվող անօրինակությունների վերաբերյալ, ոստիկանների զինված ջոկատները ներխուժեցին գյուղ և սկսեցին ահաբեկել գյուղացիներին: Այս իրադարձությունը նշանավորվեց բռնաճնշումների մի քանի ալիքով:
«Մարդու ազատությունների սահմանափակման համար միջազգային քննադատությանը հաճախակի արժանացող ադրբեջանական կառավարությունը պատասխանում է նրանով, որ ճնշում է այն մարդկանց, ովքեր արձանագրում և փաստաթղթերի են վերածում բոլոր այդ անօրինականությունները: Հուլիսի 21-ին ոստիկանությունը Բաքվում ԶԼՄ-ի իրավունքների ինստիտուտի ներկայացուցիչ Խալիդ Ագալիևին հարցաքննելիս «զգուշացրել» է վերջինիս, որ նա զգույշ լինի և չհետևի տեղական մամուլի հրապարակումներին, քանի որ դա կարող է վնասել Ադրբեջանի հեղինակությանը»,-նշում է CPJ-ն: