Գերազանց առաջադիմություն ունեցող առաջին կուրսեցիների կրթաթոշակը կփոխհատուցվի
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանաձևելով հիմնադրամի գործունեությունը այն որակեց այսպես. «Երիտասարդները երիտասարդների համար»:
Խոսելով հիմնադրամի գործունեությունից ու քաղաքականությունից բանախոսը նշեց, որ հիմնադրամի ծնունդը քաղաքականության արդյունք է, որն իրականացվում է երիտասարդության շրջանակներում և որի հիմնական պատասխանատուն ու իրականացնողը երիտասարդությունն է: «Չկա գեթ մեկ ոլորտ, որը այս կամ այն չափով վերաբերվի այսօրվա ուսանողին, երիտասարդին, որտեղ մենք համապատասխան ծրագիր չունենանք: Այն ծրագիրը, որի մասին պետք է խոսենք, իրականացվում է կառավարության աջակցությամբ»,-ասաց նա:
Այսպիսով` առաջին կուրսում վճարովի համակարգում սովորող ուսանողների համար տրամադրվել է կրթաթոշակ, որով հիմնադրամը փոխհատուցելու է ուսման վարձերը: Ըստ նրա, ծրագիրը վառ ապացույցն է, որ պետությունը կարևորում է կրթությունը, և ուսանողները կարող են այս հարցում էլ զգալ պետության աջակցությունը: Ծրագրի շրջանակներում 600-700 գերազանց առաջադիմություն, սոցիալական որոշ խնդիրներ ունեցող ուսանողների ուսման վարձերի մի մասը կփոխհատուցի հիմնադրամը:
Ասուլիսին ներկա հիմնադրամի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ հիմնադրամում ֆավորիտ ոլորտներ չկան: Հիմնադրամն, ըստ նրա, ուշադրություն է դարձնում մի շարք ոլորտների, մասնավորապես, կրթություն-գիտություն, հոգևոր-հայրենասիրական մշակութային դաստիարակություն, սոցիալ-տնտեսական զբաղվածության հիմնախնդիրներ, առողջ ապրելակերպի ծրագրեր և միջազգային ու համահայկական համագործակցություն: Նա նշեց, որ կրթական ոլորտում հիմնադրամն արդեն բազմաթիվ ծրագրեր հաջողությամբ է իրականացրել:
Բանախոսները վերջում նշեցին, որ հիմնադրամն առաջիկայում մտադիր է մարզերից եկած ուսանողների համար հանրակացարանների ստեղծման ծրագրով զբաղվել: