
Իզմիրում թուրքերը պատրաստվում են քանդել Սևան Նիշանյանի հյուրանոցները
Թուրքական իշխանությունների որոշմամբ` Իզմիր նահանգի Սելչուկ շրջանի Շիրինջե գյուղում գտնվող տասնյակ շինություններ այսուհետև ենթակա են քանդման: Այդ շինությունները հայտարարվել են ապօրինի ու այսօրվանից հավասարեցվելու են հողերին: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` քանդման ենթակա շինությունների ցանկում է ընդգրկված նաև պոլսահայ անվանի լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանին պատկանող 16 շինություն, որոնք հյուրանոցային ծառայություններ են մատուցում և հայտնի են «Նիշանյանի տներ» անունով: Զբոսաշրջային նշանակություն ունեցող այդ վայրում 27 տարվա ընթացքում Նիշանյանի միջոցներով կառուցված հյուրանոցային համալիրը ծրագրվածի համաձայն պետք է ապամոնտաժվի երեք շաբաթվա ընթացքում: Նիշանյանը ընդդիմացել է նահանգային իշխանությունների ընդունած որոշմանը և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել. «Առանց ինձ սպանելու այստեղ ոչ մի բան չեն կարողանա քանդել: Եթե նրանք արյուն են ուզում, ապա կթափվի այդ արյունը»: