ԱԳՆ դիվանագիտական դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտները
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ավարտական վկայականներ է հանձնել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի «Դիվանագիտական կադրերի պատրաստման» դասընթացի անդրանիկ շրջանավարտներին:
Արարողությանը ներկա էին նաև դպրոցին աջակցող միջազգային կառույցների ներկայացուցիչները՝ ԵՄ պատվիրակության և ԵԱՀԿ գրասենյակների ղեկավարները:
«Այսուհետ ձեր անունը գրված է լինելու Դիվանագիտական դպրոցի պատմության առաջին էջին: Եվ մենք, ձեզ հետ միասին, այսօր շրջում ենք այդ առաջին էջը` տալով ձեզ ավարտական վկայականներ: Մեր դպրոցր նոր դպրոց է. մեկ տարի է միայն գործում, և վստահ եմ, որ տարեցտարի ավելի կայացած կդառնա, արդյունավետ կլինի` Արտաքին գործերի նախարարության համար կադրեր պատրաստելու և վերապատրաստելու գործում»,-ասել է Է. Նալբանդյանը:
Դիվանագիտական դպրոցում դասախոսություններ են կարդացել մասնագետներ Ռուսաստանից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Ճապոնիայից, Սլովակիայից, Շվեյցարիայից: Մի շարք արտաքին գործերի նախարարներ, մոտ երկու տասնյակ դեսպաններ դասախոսություններով հանդես եկան մեր դպրոցում:
Դիվանագիտական դպրոցի լավագույն 12 շրջանավարտները համալրեցին դիվանագիտական ծառայության շարքերը և փորձաշրջանը հաջողությամբ ավարտելու պարագայում կստանան իրենց առաջին դիվանագիտական աստիճանը: