Իրանագետ. «Իրան-Հայաստան հարաբերություններում սկսվում է նոր, կարևոր փուլ»
Իրանում սկսվել է քաղաքական գործընթացների նոր, ակտիվ փուլ, որն, անշուշտ, տրամաբանական արձագանքն է Եգիպտոսում և Թունիսում տեղի ունեցած իրադարձությունների: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը:
«Թունիսյան ու եգիպտական դեպքերը իրանական ընդդիմությունը փորձեց օգտագործել դարձյալ ընդդիմադիր զանգվածը փողոց դուրս բերելու համար, ինչը հաջողվեց: Թեպետ դրա մասշտաբներն այնքան մեծ չէին, ինչպես որ 2009թ-ին»,- նշեց բանախոսը:
Անկախ դրանից, սակայն, նա համոզմունք հայտնեց, որ դրա արձագանքը դեռևս կլսվի առաջիկայում և երևի թե դատական և քրեական հետապնդումների տեսք կընդունի ընդդիմության առաջնորդների նկատմամբ:
Ըստ Ս.Սարուխանյանի, կարևոր փուլ է սկսվում նաև Իրան-Հայաստան հարաբերություններում, քանզի նախաձեռնվել է խոշոր տնտեսական նախագծի իրականացում, այն է` Իրանից Հայաստան վերամշակված նավթամթերքների համար նավթատարի կառուցման նախագիծ, որի շուրջ բանակցություններն ընթանում էին վերջին երկու տարիների ընթացքում:
«Հավանաբար` կամ Իրանի նախագահի Երևան այցի ժամանակ, կամ ՀՀ նախագահի Թեհրան այցի ժամանակ կստորագրվի կոնկրետ համաձայնագիր` նավթատարի կառուցման վերաբերյալ»,- իր կարծիքն արտահայտեց երիտասարդ իրանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան