Շավարշ Քոչարյան. Ալիևը ԼՂՀ-ն ճանաչել է դեռևս 1993-ին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի իշխանությունները ճանաչել են դեռևս 1993 թվականին: Այս փաստը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիշեցրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` վկայակոչելով կոնկրետ իրավական փաստաթուղթ:
«Ես կընթերցեմ 1993 թվականի սեպտեմբերի 3-ին ընդունված մի փաստաթուղթ. «Բաքու, փաստաթուղթ թիվ 171. Ադրբեջանի ղեկավարությունը լիազորում է Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալ Ա. Ջաղիլովին` բանակցություններ վարել Ադրբեջանի և ԼՂՀ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ղեկավարների հանդիպման կազմակերպման շուրջ: Ստորագրություն` Ադրբեջանական Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող, Ադրբեջանական Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Հեյդար Ալիև»:
Ահա իր ստորագրությամբ փաստաթուղթը: Այն բանից հետո, երբ Ջաղիլովը նման լիազորություններ է ստացել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից համապատասխան լիազորություններ է ստացել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը:
Կայացել են բանակցություններ, Ջաղիլովի և Ղուկասյանի միջև ստորագրվել է երկկողմ հուշագիր: Այդ հուշագրի արդյունքները երկու կետ էին. 1. Հրադադար, կրակի դադարեցում մեկուկես ամսով, 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպում: Այդ հանդիպումը կայացավ Մոսկվայում: Այդ ժամանակ հանդիպեցին այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանական Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևը: Այդ ռաունդը բերեց նրան, որ վերջապես ստորագրվեց համաձայնագիրը Բիշքեկում և վերջիվերջո ստորագրվեց հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը»,- հարցազրույցում հիշեցրել է Շավարշ Քոչարյանը:
Այնուհետև ՀՀ ԱԳ փոխնախարարն ամփոփել է. «Հենց այս հայտարարություններով, բանակցություններով, արձանագրություններով, ըստ էության, Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եվ եթե Ադրբեջանի այսօրվա ղեկավարությունն ունենար այն իմաստնությունը, որ ուներ իշխանությունն այսօրվա ղեկավարությանը փոխանցած մարդը, բանակցային գործընթացն առաջ կընթանար»:
Տեսանյութը այստեղ` http://www.youtube.com/watch?v=ppSU2Dw9W1k