Դ. Ջամալյան. «Թրքականության էքսպանսիայի ապագան հուսալի ձեռքերում է»
«Տարիներ շարունակ հայաստանյան հանրությունը թրքականության էքսպանսիայի թիրախ է եղել, ցավոք այդպիսին է մնում նաև այսօր: Բայց այս ամենում միայն մեր արտաքին թշնամիներին մեղադրելը ինքնախաբեություն կլիներ: Այստեղ սթափ ինքնաքննադատության կարիքը կա»,- «Panorama.am»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ռազմական հոգեբան, Դավիթ Ջամալյանը:
Փորձագետը հատկապես ընդգծեց, որ այստեղ խոսքն ամեն թուրքականի նկատմամբ տոտալ ժխտողականության մասին չէ: Թուրքական երգարվեստը, եթե այդպիսին առհասարակ գոյություն ունի, հարկավոր է ուսումնասիրել, ճանաչել: Խոսքն այդ թուրքականը հայալեզու մատուցմամբ հայաստանյան զանգվածային գիտակցություն ներարկելու մասին է:
«Հանրությանը թուրքականին ծանոթացնելը մի բան է, նրան հետևողականորեն թրքացնելը բոլորովին այլ բան: Հայալեզու կլկլոց-վայնասունը մի խնդիր է, որն արդեն իսկ վերածվել է մեր երկրի անվտանգության սպառնալիքի: Ցավալի իրողություն է, որ մեր երիտասարդության մի ստվար հատվածի մոտ արդեն իսկ այլասերված, աղավաղված է հայ երգի մասին պատկերացումը: Մինչդեռ ազգային երգարվեստն այն էթնոտարբերակիչ հատկանիշներից մեկն է, որն ամրապնդում է տվյալ ազգի հավաքական ինքնությունը»,-ասաց Դ. Ջամալյանը և շեշտեց, որ մշտական արտաքին վտանգի պայմաններում ապրող հայության հավաքական ինքնության ամրապնդումը օրվա հրամայականն է, անհրաժեշտ պայման` ադրբեջանական ագրեսիվ հավակնությունները զսպելու համար:
Վերոնշյալի համատեքստում խոսելով հայկական, այսպես կոչված, երգարվեստի հարթակում մատուցվող «մշակույթ»-ի մասին` Դ. Ջամալյանը նշեց. «Շուկայական-ռեյտինգային տրամաբանությամբ ապրող որոշ «երգիչներին», նրանց «պրոդյուսերներին» ու «կոմպոզիտորներին» այս ամենը հասու լինել չի կարող, քանի որ այդ շուկայական-ռեյտինգային տրամաբանությունը սահմանափակում, կաղապարի մեջ է դնում նրանց մտածողությունը»:
Երբ լրագրողը խնդրեց Դավիթ Ջամալայնին մեկնաբանել օրեր առաջ երևանյան ակումբենրից մեկում երգահան Վ. Պետրոսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում վերջինս ասել էր, թե սիրում է ադրբեջանական երաժշտություն և ամեն ինչ կանի, որ մեր երգերի մեջ լինեն թուրքական տարրեր, հոգեբանը պատասխանեց. «Ծանր դեպք էր: Ներկայացել էր որպես կոմպոզիտոր, ո'չ ավելի, ո'չ պակաս. սպառնում էր նորանոր վայնասուններով: Մտահոգիչն այն է, որ իր տեսակի մեջ միակը չէ, շատերը կան: Եվ ուրեմն թրքականության էքսպանսիայի ապագան հուսալի ձեռքերում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին