Վարդան Օսկանյանը, պատասխանատվությունն ու մրցակցությունը
Անցնող շաբաթը ներքաղաքական իրադարձություններով խիստ հագեցած էր: Կոալիցիոն հայտարարություն` մեկնաբանություններով ու գնահատականներով: Ընդդիմության հանրահավաք` ելույթներով ու արձագանքներով: Այդ ողջ պոլիֆոնիայում արձանագրված յուրաքանչյուր ձայն իրականում վերլուծության կարիք ունի: Որովհետև հաջորդ ընտրություններին ընդառաջ` երկրում ակտիվ ներքաղաքական վերադասավորումների փուլ է, և այդ ընթացքում ցանկացած քայլ, հայտարարություն կամ գնահատական, մեծ արժեք ունի:
Ըստ ճաշակի, անշուշտ, կարելի է առանձնացնել տեղ գտած իրադարձություններն` ըստ կարևորության: Բայց, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է, և ընթերցողին առաջարկում եմ` մի պահ մոռանալ կոալիցիայի ու ընդդիմության մասին և կենտրոնանալ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ակտիվացման վրա: Այո, ակտիվացում, քանի որ այն, ինչ անում էր անցած շաբաթվա ընթացքում, պարոն Օսկանյանը, կարելի է անվանել միայն քաղաքական ակտիվացում, այլ ոչ, ասենք` քաղաքացիական գործունեություն (որտեղ որ դիրքավորվում է նախկին ԱԳ նախարարի գլխավորած «Սիվիլիթաս» հիմնադրամը):
Փետրվարի 15-ին «Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն է տարածում փետրվարի 9-ին կազմակերպած հերթական քննարկման մասին` «Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում» (հարկ է նկատել, որ այդ միջոցառման վերաբերյալ կայքում հաղորդագրություն է դրվել նաև փետրվարի 10-ին): Հասկանալի է, որ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվում խոսքի ու մամուլի ազատությանը, ու մասնակիցները, քարը քարին չթողնելով, քննադատում են երկրում տիրող իրավիճակը: Վարդան Օսկանյանն այդ քննարկման ժամանակ, ըստ «Սիվիլիթաս»-ի կայքում տեղադրված հաղորդագրության, նշել է. «Բիզնեսը չի թելադրում իր շահերը, այլ իշխանությունն է թելադրում։ Ինչո՞ւ է իշխանությունը դա անում, որովհետև այսօր կա քաղաքական մենաշնորհ։ Եթե չլիներ քաղաքական մենաշնորհ, իշխանությունը չէր կարող իր կամքը թելադրել հեռուստաընկերություններին»:
Փետրվարի 17-ին «Սիվիլիթաս»-ի կայքում հայտնվում է Վարդան Օսկանյանի հարցազրույցը: Ձևի առումով հարցազրույցը իր գլխավորած հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումն է, իսկ ահա բովանդակությամբ այն նվիրված է երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակին սուր գնահատականներ տալուն: «Տնտեսության, ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում իրավիճակը անորոշ է և բարդ: Առավել տեսանելի են տնտեսության խնդիրները, որովհետև դրանց մենք առնչվում ենք ամեն օր, անկախ մեր նյութական վիճակից: Վիճակագրությունը նույնպես հաստատում է այդ զգացումը: Աղքատությունն ավելանում է, գործազրկությունը նույնպես, արտաքին պարտքը եռապատկվել է, եռապատկվել է բյուջեի դեֆիցիտը: Նվազել է բնակչության կենսամակարդակը: 2009-ի ՀՆԱ-ի 15 տոկոսի անկումը մեծ հարված էր տնտեսությանը: Մենք կարծես դեռ չգիտենք ինչպես հաղթահարենք այն: Լավագույն դեպքում, եթե 2010 թ. 2,4 տոկոսի աճը կրկնապատկվի և այն կրկնապատկվի նաև հաջորդ տարի, 2013 թ. նախագահական ընտրությունների նախաշեմին իրական ՀՆԱ-ն ավելի ցածր կլինի քան 2008 թվականին էր: Սա մտահոգությունների լուրջ տեղիք է տալիս, եթե նույնիսկ կա իրավիճակը շտկելու ծրագիր: Բայց նման ծրագիր չկա: Նույնը նաև ներքաղաքական ոլորտում է: Ազատությունները էլ ավելի են սահմանափակվում: Խաթարված է ազատ հավաքների իրավունքը: Մենք ամեն օր ականատես ենք լինում դրան այստեղ` Սիվիլիթասի գրասենյակում: Օպերայի շրջակայքում արտոնում են աղմկոտ ամենատարբեր երաժշտական միջոցառումներ, բացառապես որպեսզի այնտեղ հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն չլինի: Հեռուստատեսությունը վերահսկվում է: Մարդիկ շարունակում են անազատության մեջ մնալ քաղաքական պատճառներով: Ակնհայտ է Ղարաբաղի շուրջ անորոշությունը, չկա այն բանակցված փաստաթուղթը, որի շուրջ կողմերը համաձայն են շարունակել բանակցությունները: Ես լուրջ մտահոգություն ունեմ, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ մեծ ջանքերով, տարիների բանակցային գործընթացի արդյունքում հաջողվեց ամրագրել բանակցվող փաստաթղթում, այսօր մենք կարող ենք կորցնել: Քսան տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները նույնպես նման փակուղում և նման լարված իրավիճակում չեն եղել, ինչպես այսօր են, հայ-թուրքական չհաշվարկված գործընթացից հետո: Այս ամենը վրդովեցուցիչ է թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ միջազգային հանրության համար: Ավելին, այս անորոշությունը սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Իշխանությունները, իրենց հերթին, թույլ չերևալու նպատակով խոսում և գործում են այնպես, կարծես ամեն ինչ կարգին է, ինչն իր հերթին ավելացնում է հասարակության հուսալքությունը և աշխատում է թե՛ ժողովրդի, թե՛ պետության դեմ»,- հայտարարել է նախկին արտգործնախարարը:
Իսկ ահա փետրվարի 18-ին Վարդան Օսկանյանը օպերատիվ արձագանք է տալիս կոալիցիայի հայտարարությանը: Իր մեկնաբանությունը նա կրկին անում է «Սիվիլիթաս»-ին (փաստորեն` «Սիվիլիթաս»-ը նաև լրատվամիջոց է): «Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի և հասարակության կամքի հանդեպ: Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: Ավելին` բացարձակ մեծամասնություն ունեցող կոալիցիան նաև հայտարարում է, որ նպատակ ունի առանց այդ էլ խորհրդարանում չնչին ներկայություն ունեցող ընդդիմությանը լիովին դուրս մղել խորհրդարանից: Սա ոչ միայն չի նպաստի երկրում ստեղծված բարդ սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավիճակի բարելավմանը, այլև ավելի կբարդացնի այն: Իրավիճակից դուրս գալու ճանապարհը ոչ թե այդ իրավիճակի բարելավման հիմնական խոչընդոտը հանդիսացող իշխանությունների վերարտադության երաշխավորումը պետք է լիներ, այլ իշխանության ներսում հակակշռի ապահովումը` միահեծան իշխանությանը այլընտրանքի հնարավորության հեռանկարը: Ստեղծված իրավիճակը էլ ավելի կխորացնի հասարակության հուսահատությունը` հնարավոր բոլոր բացասական հետևանքներով»:
Սա որպես նախաբան: Այժմ հասկանանք` ի՞նչ է ասում պարոն Օսկանյանը, ինչո՞ւ է ասում և ե՞րբ է ասում: Նախ «ինչու»-ի մասին: Կասկածից վեր է, որ Վարդան Օսկանյանը քաղաքական մասնակցության հայտ է ներկայացնում: Նախկինում էլ եղել են աղմկոտ հայտարարություններ ու մեկնաբանություններ, որոնք այնուհանդերձ քաղաքական ակտիվացման` «տևական պատերազմի» լուրջ ռեսուրս չեն պարունակել և արձանագրվել են որպես մեկանգամյա կրակոց: Պատճառը, թերևս, կրակի դատարկ փամփուշտներով արձակելու մեջ է: Այստեղ դեմ ենք առնում «ի՞նչ է ասում» հարցին:
Ի՞նչ վերաբերում է առաջին և երկրորդ հարցերին, Վարդան Օսկանյանը որևէ նոր բան չի ասում: Շեշտադրումների որոշակի տարբերությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի էլ (այդ թվում նաև` երկրի ղեկավարությունն ու քաղաքական գործիչները) այսօր պնդում է, որ այո, երկրում կան լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ, երկրում կան խնդիրներ` կապված մարդու իրավունքների, արտաքին ու ներքին մի շարք մարտահրավերների հետ: Հարցերի այս ողջ շրջանակը, թերևս, առավելապես վերլուծված ու ընդգրկուն ներկայացված է հենց իշխանությունների, առաջին հերթին նախագահի հայտարարություններում (տես ՀՀԿ 20-ամյակի համգումարում Սերժ Սարգսյանի ելույթը): Բայց եթե իշխանությունն իր այդ քայլով ընդունում է խնդիրների առկայությունը և դրանք լուծելու պատրաստակամություն է հայտնում, ապա հայտնի չէ, թե Վարդան Օսկանյանը (և մյուսները), ի՞նչ են ուզում ասել (պարզ շահարկումից բացի):
Տեսեք: Երկու անգամ երկու հավասար է չորսի: Եվ եթե իշխանությունը չընդուներ այդ ճշմարտությունը, գուցեև այդ մասին հիշեցնողի արարքը կարելի լիներ դիտել համարձակություն, հերոսություն: Բայց եթե իշխանությունն ընդունում է այն, հասարակությունը գիտե դա, ապա պաթետիկ ոճով այդ մասին հիշեցումն ի՞նչ արժեք ունի, ի՞նչ է ավելացնում այն մեր իմացածին: Բնականաբար` ոչինչ: Հետևաբար` Վարդան Օսկանյանի` հայտնության կամ լուսավորելու հավակնող հայտարարությունները բովանդակային առումով ոչինչ չարժեն:
Բայց այստեղ կա մեկ նրբություն: Բանն այն է, որ խնդիրները նոր չեն ծագել: Դրանք որոշակի ժամանակային կտրվածքով կուտակված կամ պահածոյացված խնդիրներ են, և որևէ մեկը չի կարող պնդել, որ Վարդան Օսկանյանի թվարկածները ի հայտ եկան ընդամենը երեկ: Բոլորին էլ հասկանալի է, որ այն, ինչ ունենք այսօր, 1990-ականների սկզբից ի վեր իշխանության մեջ եղած բացառապես բոլոր գործիչների գործունեության արդյունքն է: Դժվար է գտնել մեկին, ով մաս կազմելով համակարգին, իր բաժին քարը (քարերը) չի դրել այդ «խնդրաշատ բլուրի» վրա: Հետևաբար` ի՞նչն է գնահատում Վարդան Օսկանյանը, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ գործադիր մարմնում ամենաերկար պաշտոնավարած գործիչն հենց ինքն է: Ի՞նչ արդյունքների մասին է խոսում նախկին արտգործնախարարը, երբ պայքարում էր «լվացքը դուրս հանելու» դեմ, երբ խոսում էր «վագրային թռիչքների» մասին, երբ լռում էր այսօր հիշատակվող խնդիրների մասին, իսկ անելանելի դրության մեջ ընդամենը հղում էր անում «թարգմանչական սխալների»:
Հարցերն, իհարկե, հռետորական են: Բայց դրանց հետևում կա մեկ լուրջ խնդիր. քաղաքական պատասխանատվության զգացման ինստիտուտի բացակայության խնդիրը: Համաձայնեք, որ եթե Վարդան Օսկանյանը իր հոռետեսական կանխատեսումների հիմքում դներ նաև իր մեղքի բաժնի, արածի ու չարածի խոստովանությունը, և նաև նշեր ելքերը, գուցեև կրակոցն արժեք ունենար: Բայց երբ խոցելի խավերի էմոցիաների վրա խաղալու հաշվարկով ասվում է ՈՉԻՆՉ, ու հընթացս թաքցվում է սեփական մեղքի բաժինը, ահա այդտեղ լուրջ կասկածներ են ի հայտ գալիս` կհաջողի՞ նրա խաղը, թե՞ ոչ:
Կասկածներն էլ ավելի են խորանում, երբ համադրում ենք կոալիցիայի հայտարարությունն ու դրա վերաբերյալ Վարդան Օսկանյանի մեկնաբանությունը: Արդեն խոսել ենք այն մասին, որ իր հայտարարությամբ կոալիցիան, ավելի ճիշտ դրա մաս կազմող ուժերը, ըստ էության, պայմանավորվել են մեկ հարցի շուրջ. «գալիք ընտրություններում իրենց քաղաքական կշիռը չավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: Նշել ենք, որ սրանով ընդամենը խաղի կանոն է սահմանվում` ընտրողի քվեն ստանալու համար չխուսափել գործադիրում ծավալած գործունեության պատասխանատվությունից: Այսինքն` կոալիցիայի հայտարարությամբ փորձ է արվել վերջ դնել հենց այն գործելակերպին, որն այս օրերին որդեգրել է Վարդան Օսկանյանը: Փորձ է արվել անել այնպես, որ նախկին կրթության նախարարը չքննադատի կրթական մակարդակը, նախկին սոցապ նախարարը չխոսի համակարգի կոռումպասցվածությունից, նախկին արտգործնախարարն էլ չխոսի մադրիդյան սկզբունքների որակից և այլն:
Դրդապատճառը պարզ է` Ձեր նշած խնդիրներն առկա էին Ձեր պաշտոնավարության ժամանակ, և եթե հրաժարական չեք տվել, տարիներ շարունակ պաշտոնավարել եք, լռել եք, այսօր բարի եղեք այդ խնդիրների մասին չխոսել, քանի որ Դուք պատասխանատու եք դրա համար:
Եվ հենց այստեղ էլ տեսանելի է դառնում Վարդան Օսկանյանի հայտարարության իմաստը: Բանն այն է, որ քաղաքական գործընթացի հիմնական մասնակիցները (խոսքն` առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին է) նախկինում առանցքային պաշտոններ են զբաղեցրել, և երբ իշխանությունն իր քայլով` կոալիցիայի հայտարարությամբ, սահմանում է խաղի կանոն, հասկանալի է դառնում, որ նախկին գործիչների մի ամբողջ բույլ պետք է դադարի քաղաքականությամբ զբաղվել: Թերևս, այս մտավախությունն է Վարդան Օսկանյանին ստիպել խոսել քաղաքական ազատ մրցակցության վտանգված լինելու մասին:
Չէ՞որ մեզանում կան մարդիկ, ովքեր «քաղաքական ազատ մրցակցություն» ասելով հասկանում են միայն հակառակորդին մրոտելը, և մրոտելու վրա տաբուի առկայության պայմաններում չեն պատկերացնում այդ մրցակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա