Բարեփոխումներ` ավագ դպրոցում
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հուշագիրը նպատակ ունի ժամանակակից ուսուցման մեթոդների ներդրման միջոցով նպաստել թիվ 16 ավագ դպրոցում կրթության որակի բարձրացման և ուսուցիչների հմտությունների զարգացմանը:
Հուշագրի համաձայն, 2011-2012 թթ ուսումնական տարվանից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է թիվ 16 ավագ դպրոցում ապահովել ուսուցման համագործակցային, ինչպես նաև այլ ժամանակակից մեթոդները կիրառելու և զարգացնելու սկզբունքը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ շատ կարևոր է մասնավոր հատվածի աջակցությունը կրթական ոլորտին: «Մենք շատ ենք կարևորում ավագ դպրոցների կայացման խնդիրը: Բավականին մեծ ներդրումներ են կատարվում ավագ դպրոցների վերանորոգման համար, մեծ աշխատանքներ են տարվում մանկավարժական կադրերի մասնագիտական որակի կատարելագործման ուղղությամբ»,- ասաց նա:
Ա. Աշոտյանը շնորհակալություն հայտնեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամին և ողջունեց, որ հիմնադրամն իր աջակցությամբ բարեփոխումներ կիրականացնի թիվ 16 ավագ դպրոցում: «Այս դպրոցի շենքը իսկապես խիստ վերանորոգման կարիք ունի, իսկ դասասենյակներն էլ կահավորման խիստ անհրաժեշտություն ունեն»,-հավելեց նախարարը:
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը նշեց, որ պետությունը միայնակ իսկապես չի կարող հոգալ կրթական համակարգի բոլոր խնդիրները: Բարսեղ Բեգլարյանը կոչ արեց բոլոր գործարարներին նույնպես աջակցել կրթական ոլորտի կայացմանը, քանի որ կրթական համակարգը ռազմավարական նշանակություն ունի պետության կայացման և զարգացման համար:
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի մասնակցությամբ առնվազն երեք ամիսը մեկ անգամ թիվ 16 դպրոցում կկազմակերպվեն մեթոդաբանական սեմինարներ, գիտաժողովներ, կլոր-եղաններ և միջոցառումներ:
Այս հուշագրի շրջանակներում հիմնադրամը պարտավորվում է յուրաքանչյուր տարի թիվ 16 ավագ դպրոցին տրամադրել ՀՀ Պետական բյուջեից ստացված հատկացումների մինչև 50 տոկոսի չափով լրացուցիչ ֆինանսավորում, որը կուղղորդվի դպրոցի հիմնանորոգմանը, դասասենյակների արդիականացմանն ու կահավորմանը, մանկավարաժական կադրերի մասնագիտական որակի կատարելագործմանը: «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը հայտնեց, որ այս հուշագիրն անժամկետ է: