Վենգերով. Հայաստանում տաղանդավոր երեխաներ կան
Աշխարհահռչակ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը մինչ վաղը կայանալիք համերգը այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատրոիայում էր և վարպետության դաս անցկացրեց ՅՈւՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախմբի համար:
Հայտնի արվետագետը բեմի ամոթխած երեխաներին անկաշկանդ բացատրեց կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի «Կնոջ բույրը» նվագելու գաղտնիքները, ասաց, որ այն լավ նվագելու համար պետք տիրապետել տանգոյի գաղտնիքներին, նկարագրեց դրանք ու առջևի շարքում նստած ընկերուհուն` Օլյային հրավիրեց նեղ հրապարակ պարի: Լեփ-լեցուն ոչ մեծ դահլիճը անընդհատ ծափահարում էր:
Երեխաների կատարումից Վենգերովը գոհ էր, շնորհակալություն հայտնեց նրանց, ասաց հպարտ է, որ նման տաղանդավոր երեխաներ կան Հայաստանում, և մեծ սիրով է ընդունել Հայաստան գալու հրավերը: «Ես շատ եմ սիրում աշխատել ու համագործակցել երիտասարդների հետ: Դա երևի իմ մորից եմ ժառանգել»,-ասաց Վենգերովը, ում մայրը 20 տարի շարունակ Ռուսաստանում երաժշտության դպրոց է ղեկավարել:
Լրագրողների հետ ճեպազրույցում Վենգերովը խոստովանեց, որ հուզվում է ու շատ սպասում վաղվա համերգին: Երևանում նա առաջին անգամ է ելույթ ունենալու, հանդես է գալու Երիտասարդական կամերային նվագախմբի և նրա դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, ով էլ հենց նրան հրավիրել է Երևան: «Ես շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ»,-ասաց դիրիժորը:
Հայտնի դիրիժորը մտերմիկ զրուցում էր երեխաների հետ, հարցեր տալիս, բացատրում: Իսկ երբ ամեն ինչ իր ավարտին էր հասել, դահլիճում նստածները չէին շարժվում` շարունակություն ակնկալելով: Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը նրան շնորհակալություն հայտնեց ու նրան որպես «աշխարհի մարդ» բնութագրեց:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Մաքսիմ Վենգերովն արդեն մեկ շաբաթ է` գտնվում է Հայաստանում և պատրաստվում է երևանյան համերգին:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով` փետրվարի 22-ին ժամը 19:00-ին Ա. Խաչատրյան համերգասրահում, առաջին անգամ Հայաստանում, համերգային ծրագրով հանդես կգա աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Մաքսիմ Վենգերովը:
Այդ օրը դիրիժորական վահանակի մոտ Մաքսիմ Վենգերովը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Ծրագրում հնչելու է Ռիմսկի-Կորսակովի Մեծ Զատիկի ռուսական նախերգանքը, Սիբելիուսի ջութակի կոնցերտը, Ռիմսկի-Կորսակովի Շահրազադեն: Համերգին իր մասնակցությունը կբերի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը: