Հայհոյող անձը չի կարող ընտրվել ուսումնական հաստատության տնօրեն. «Ժառանգության» առաջարկը Աշոտյանին
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ Կրթության և գիտության նախարարին` վերջերս լրատվության ուշադրության կենտրոնում հայտնված տնօրենների անվայել վարքի վերաբերյալ: Պատգամավորը, վկայակոչելով օրերս համացանցում հայտնված տեսահոլովակը, որտեղ Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցի տնօրենն ու փոխտնօրենը հայհոյախառն բառապաշար են գործի դնում, կարծիք է հայտնել. «Պատահական չէ այս երևույթը, որովհետև, ինչպես տարբեր լրատվամիջոցներ տեղեկացրել են, նույն բառապաշարով նրանց հետ խոսում է նաև Կոտայքի մարզպետը»: Այնուհետև պատգամավորը հիշեցնում է Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի հայհոյախառն բառապաշարի մասին, որին դարձյալ մամուլն անդրադարձել է:
«Քանի որ որևէ օրենքում հայհոյելը բառացիորեն հակամանկավարժական երևույթ չի որակվել, և Դուք երևի թե այդ հիմքով նրանց աշխատանքից ազատել չեք կարող, ապա, ելնելով այս իրականությունից, միգուցե առաջարկենք «Հանրակրթության մասինե օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ կետում հարկադրաբար ավելացնել «Ուսումնական հաստատության տնօրենը չի կարող առաջադրվել և ընտրվել հայհոյող անձը, եթե նույնիսկ հավաստագիր ունի և իշխանական կոալիցիոն կուսակցության անդամ է»: Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` պատասխանել.
1 Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունը վերոնշյալ դպրոցների տնօրենների վարքը գնահատելու եւ նրանց պատժելու կապակցությամբ:
2. Կրթության նախարարության ո՞ր մասնագետներն են կցված վերոնշյալ մարզերին:
3. Կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը օրենքում փոփոխություն անելու վերոնշյալ իմ առաջարկի մասին», -նամակում հետաքրքրվել է պատգամավոր Բախշյանը:
Նշենք, որ այսօր ԿԳՆ լրատվական ծառայությունը տեղեկացրեց, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կարգադրությամբ «խիստ նկատողություն» է սահմանվել Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ: