Windows 7-ը հասանելի է արդեն հայերեն տարբերակով, առջևում Office 2010-ն է
2010 թվականի դեկտեմբեր ամսից Հայաստանի ինտերնետ օգտագորողները հնարավորություն ունեն օգտվել Windows 7-ի հայկական տարբերակից, որն ազատ տարածվում է:
Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Նրա փոխանցմամբ, Windows-ի նախորդ` XP, Vista տարբերակներում որոշակի խնդիրներ կային կապված տերմինաբանության հետ: Մասնագետների մի մասը պնդում էր, որ ինտերֆեյսը պետք է թարգմանվի ամբողջովին հայերեն բառերով, իսկ մյուս մասն առաջարկում էր թողնել անգլերեն բառերը, դրանք գրելով հայերեն:
«Արդյունքում, այսօր Windows 7-ում մենք կարողացել ենք գտնել ոսկե միջինը: Ես ինքս մեծ ուրախությամբ օգտվում եմ հայերեն ինտերֆեյսից, որը շատ հարմար է օգտագործման համար: Եթե դուք ունեք Windows–ի անգլիական տարբերակը ,ապա հայերենը կարող եք ազատ ներբեռնել և օգտագործել microsoft,com կայքից: Նշեմ նաև, որ Windows 7 լեզվային միջերեսի փաթեթի ծավալը չի գերազանցում 7Մբ-ը և տեղադրվում է Windows 7-ի բոլոր տարբերակներում»,- նշեց Գրիգոր Բարսեղյանը:
Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը նշեց, որ դեռևս չկա հստակ վիճակագրություն, թե մինչ օրս քանի օգտագործող է ներբեռնել Windows–ի հայկական տարբերակը, սակայն վստահեցրեց, որ հազարավոր բեռնումներ արդեն կան:
Ի դեպ, Microsoft-ի կայքում կարելի է գտնել նաև MS Office 2007-ի հայերեն տարբերակը, որը հասանելի է Windows Vista և Windows XP համակարգերի համար: Այս տարի Microsoft-ը պատրաստել է ևս մեկ անակնկալ:
«Արդեն այս տարվա հունիս ամսին պատրաստ կլինի Office 2010-ի հայերեն ինտերֆեյսը և կրկին ազատ հիմունքներով հասանելի կլինի օգտագործողների համար»,- տեղեկացրեց Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան