Հեքեքյանը փոշմանել էր, որ եկել էր. Խնդիրը հին արմատներ ուներ
«Հայատանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը փոշմանել էր, որ այսօր եկել էր լրագրողների հետ հանդիպման: Ըստ նրա, թեման, որի շուրջ այսօր բանախոսը պետք է խոսեր (Հայկական երաժշտության մեջ արևելյան տարրերի առկայություն. Արևելյան երաժշտության միախառնում. Ընդունելի՞, թե անընդունելի երևույթ), վաղուց առկա է, պարզապես նոր առիթների դեպքում կրկին վեր է հանվել:
«…Այն, ինչի մասին խոսում ենք, գալիս է մարդու էությունից: Այն, ինչի մասին խոսում ենք, հետևանքն է միայն, բայց մոռանում ենք. հնձում ենք այն, ինչ ցանում ենք: Այն, ինչին հասել ենք, արդյունք է` երկար տարիների ընթացքում պետականություն չունենալու»,-ասաց նա:
Իսկ այն խոսքը, որ «ճաշակին ընկեր չկա», ըստ Հեքեքյանի, պարզապես արդարացում է անճաշակների համար: Նա նշեց, որ երաժշտությունում կան տարբեր նախասիրություններ, բայց կա ճաշակով ու անճաշակ երաժշտություն: «Ճաշակով ու անճշակ երաժշտության մեջ ընկերներ չեն լինում` ճիշտ է»,-ասաց նա:
Անդրադառնալով այսօրվա երգարվեստին, նա նշեց, որ այդ արևելյան, մուղամային նյուանսները, որոնք արվում են, իբրև թե ժողովրդի ճաշակից, պահաջարկից ելնելով, նույնպես ճիշտ չեն արվում ու ճիշտ չեն մատուցվում: Նա հիշեցրեց, որ մուղամը իրականում արևելյան արվեստ է, բայց հայկական շոու բիզնեսում մատուցված տարբերակները իրականում ոչ թուրքական են, ոչ ադրբեջանական և ոչ էլ «չգիտես, թե ինչ»:
«Այն, ինչ մատուցվում է երգարվեստում ու ասվում, թե ասենք արաբական է, թուրքական կամ ադրբեջանական, եթե ցույց տաս այդ երկրների երգարվեստի ներկայացուցիչներին, նրանք կհրաժարվեն, որ դա իրենց է, քանի որ ամեն ինչ արվում է ցածր մակարդակով»,-նշեց երաժիշտը:
Ասուլիսի մյուս բանախոսը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը նշեց, որ ինքը համաձայն է Հեքեքյանի նշած բոլոր նկատառումների հետ: «Բայց մենք խառնում ենք երկու խնդիր` մեկը մեր հարևան ազգերի մշակույթի ազդեցությունը, մյուսը` ճաշակի խնդիրն է: Ուրիշ հարց է, որ մեր երաժշտության մեջ լսում ենք գռեհկություններ: Այս խնդիրը, որ բարձրացել է, նոր չէ: Մեզ համար շատ կարևոր է ընդգծել մեր տեսակն ու մեր տարբերությունները»,-ասաց Լ. Պիպոյանը: Երգչուհու կարծիքով, պետք է լինի պետական քաղաքականություն, որ ցածր մակարդակով երաշժտության կողքին բարձրը դրվի ու մարդիկ ընտրության հնարավորություն ունենան:
Հեքեքյանն էլ ավելացրեց, որ հայերը կորցրել են իրենց էությունը, համն ու հոտը: Իսկ ճաշակը ձևավորում են նրանք, ովքեր ստեղծում են նմանատիպ երաժշտություն: Այսօր անճաշակությունը, Հեքեքյանի հավաստմամբ, մտել է դասական ժանր, ու դրա դեմ հարկավոր է պայքարել միասնական:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին