ՊԵԿ-ի պատվիրակությունն այցելել է Միացյալ Թագավորություն
Փետրվարի 21-22-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել էր Լոնդոն, որտեղ հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավար Դեվիդ Հարթնետի (David Hartnett) եւ KPMG Global աուդիտորական ընկերության հարկային բաժնի ղեկավար Լաֆլին Հիքնեի (Laughlin Hickney) հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավարի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների հարկային համակարգերի միջեւ տեղեկատվության եւ փորձի փոխանակմանը, ՀՀ հարկային համակարգի ծառայողներին ՄԹ հարկային համակարգում վերապատրաստման նպատակով պարբերական գործուղումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաեւ Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումներին, մասնավորապես` Հայաստանի հարկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ընթացքին: