«Կենգուրու 2011»-ին Հայաստանից կմասնակցի 36 հազար աշակերտ
«Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթին Հայաստանից մասնակցության հայտ է ներկայացրել 36 հազար աշակերտ: Այս մասին Panorama.am-ին ասաց «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը:
Նրա խոսքով, այս տարվա մրցույթին մասնակցելու հնարավորություն են ստացել նաև Արցախի դպրոցականները, սակայն այս պահին դեռ պարզ չէ Արցախից մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացարծ աշակերտների թիվը:
Բանախոսը նշեց, որ այս տարի «Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում կանցկացվի մարտի 17-ին: Մրցույթին մասնակցելու են 3-11-րդ դասարանների աշակերտները:
Նշենք, որ աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը եղել է փետրվարի 18-ը:
Իսկ մինչ այդ հանրապետության 1203 դպրոցներին ուղարկվել են մրցույթի հրավեր-փաթեթները, որոնցում ներառված են եղել դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը, այլ անհրաժեշտ տեղեկություններ:
Նշենք, որ անցած տարի մրցույթում հաղթել են Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Էդգար Մինասյանը և Արարատի մարզի Վանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ Աբրահամ Գրիգորյանը: Հաղթողներն իրենց ամառային արձակուրդներն անցկացրել են Բուլղարիայում կազմակերպված միջազգային ճամբարում` այլ եվրոպական երկրներից «Կենգուրուի» հաղթողների հետ միասին:
«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` արդեն մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ, և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Անցած տարի մրցույթին մասնակցել է շուրջ 40 հազար դպրոցական:
Նշենք, որ «Կենգուրու» մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին