Առաջարկ 300 խոշոր հարկատուներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Սինոփսիս Արմենիա կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նախարարությունը որոշել է համագործակցության առաջարկով դիմել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին:
«Նախարարությունը ԱԺ լսումների ժամանակ կոչ արեց մասնավոր սեկտորին սոցիալական պատասխանատվություն ունենալ կրթական համակարգի հանդեպ և մեզ հետ մտնել կրթական բարեփոխումների դաշտ՝ աջակցելով մեզ նաև ֆինանսապես: Արդեն կան առաջին ծիծեռնակները և որոշել եմ նախահարձակ քաղաքականությունը շարունակել : Հաջորդ շաբաթ ՀՀ խոշոր 300 հարկատուները ինձանից կստանան համագործակցության նամակ-առաջարկ և պայմանագրի տիպային տարբերակ»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը նշեց, որ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին իրենք առաջարկելու են աշխատել հիմնականում ավագ դպրոցների հետ, որտեղ պետք է ձևավորվեն նախամասնագիտական կրթության հիմքեր, ինչն էլ իր հերթին պահանջում է լրացուցիչ ներդրումներ:
«Պետությունն իր պարտավորությունները կատարում է, բայց եթե մենք ուզում ենք բեկումնային առաջընթաց, ապա պետք է գնանք միջազգայնացման և մասնավոր սեկտորից ներդրումներ բերելու ճանապարհով»,- ասաց նախարարը: