«Սահման» ֆիլմը՝ «Նիկա» 2011-ի նոմինանտ
Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ԱՊՀ-ի տարածքի այլ 13 ֆիլմերի հետ ներկայացվել էր Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» 2011 մրցույթին «ԱՊՀ-ի և մերձբալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ներկայացված ֆիլմերից միայն 4 են դարձել նոմինանտ, որոնց թվում է նաև «Սահմանը»:
Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից:
«Նիկա» 2011-ի մյուս նոմինանտ ֆիլմերն են` լատվիացի ռեժիսոր Անդրիս Գաույայի «Ընտանեկան գործեր», ղրղզ ռեժիսոր Ակթան Առիմ Կուբատի «Սվետ-ակե» և ադրբեջանցի ռեժիսոր Ռուսթամ Իբրահիմբեկովի «Ուրվականի աչքերով» կինոժապավենները: Մրցանակների հանձնումը տեղի կունենա ապրիլի 7-ին Մոսկվայում: Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, անվանի կինոդերասան Ալեքսեյ Բատալովը անձնական հրավեր է ուղարկել Հարություն Խաչատրյանին մասնակցելու հանդիսավոր արարողությոնը:
«Սահման» ֆիլմը 2009-ին Ռոտերդամի 38-րդ կինոփառատոնում կայացած համաշխարհային պրեմիերայից հետո ներկայացվել է ավելի քան 45 միջազգային կինոփառատոներում, արժանացել բազմաթիվ` այդ թվում գլխավոր մրցանակների:
Իրանցի հանրահայտ կինոռեժիսոր Աբաս Քիառոսթամին «Սահմանի» մասին գրել է. «Նա [Հարություն Խաչատրյանը] կարողացել է շատ անսովոր ձևով կինո բերել նոր հերոսի: Ես այլևս ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Քո առջև գոմեշ է, և նայելով նրան` հասկանում ես, որ նա էլ ունի գիտակցություն և զգացմունքներ: Այսօրվա համաշխարհային կինոն նկարում է պոռնիկների, մաքսանենգների, մարդասպանների` նրանց, ում դժվար է մարդ անվանել: Իսկ Խաչատրյանի ֆիլմում մենք տեսնում ենք մի գոմեշի, որն ավելի մարդկային է, քան թվարկածս արարածները: Ինչպես կարող էր նման ֆիլմը չտպավորվել և չփոխել իմ աշխարհընկալումը: Այդ ֆիլմը այնպիսի տպավորություն է գործել ինձ վրա, որ ես այն երբեք չեմ մոռանա»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին