Գիտական աստիճանաշնորհման համակարգում բարեփոխումներ են տեղի ունեցել
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Արտյուշա Ղուկասյանը հայտնեց, որ գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխման նպատակով գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում իրականացվել են մի շարք փոփոխություններ:
Նա նշեց, որ փոփոխությունների նպատակն է էլ ավելի թափանցիկ դարձնել ԲՈՀ-ի գործունեությունը, բացի այդ օպտիմալացնել մասնագիտական խորհուրդների ցանկը:
Ա. Ղուկասյանի խոսքով, ՀՀ Կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերանայել և հաստատել է ատենախոսությունների թեմաներ հաստատող կազմակերպությունների ու ատենախոսությունների հիմնական դրույթների տպագրման համար ընդունելի պարբերականների ցուցակները:
«Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար ներկայացվող նոր պահանջների համաձայն` հայցորդը պետք է ունենա 3 գիտական հոդված, այդ թվում` մեկն առանց համահեղինակի»,- հավելեց նա:
Բանախոսը հայտնեց, որ դոկտորական ատենախոսությունների պահանջներն խստացվել են. պահանջվում է 20 գիտական հոդված, որոնցից 5-ը պետք է տպագրված լինի օտարերկրյա պետություններում հրատարակվող գիտական հանդեսներում:
Նրա խոսքով, գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում միջազգային հանդեսների հետ կապված ձևակերպումը փոփոխվել է:
Ա. Ղուկասյանը հայտնեց, որ սկսվել է մասնագիտական նոր խորհուրդների ձևավորման գործընթացը:
Նա նշեց, որ հիմնականում ժամկետները լրանալու պատճառով դադարեցվել է մի շարք մասնագիտական խորհուրդների գործունեությունը: Ա. Ղուկասյանի խոսքով, 61 խորհուրդներից 55-ի ժամկետները լրացել էին 2010թվականի դեկտեմբերի 31-ին:
Նրա խոսքով, ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովը, սկսել է մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձևավորման գործընթացը:
«ԲՈՀ-ը հաստատված նոր չափանիշներին համապատասխան, քննարկում է ստացված նոր հայտերը: Արդեն հրամանագրվել է 32 խորհուրդ: Գործընթացն այժմ շարունակվում է»,- ասաց նա և հավելեց, որ մասնագիտական խորհրդի անդամ լինելու հարցը բավական խիստ է դրված:
Ա. Ղուկասյանի խոսքով, վերջին շրջանում տարեկան միջինում 500 գիտական գործ է պաշտպանվում, սակայն նրանց հեղինակներից ոչ բոլորն են վերադառնում գիտական ուսումնական հաստատություններ աշխատելու համար: