Հայաստանում մայրերին օրենքով պարտադրելու են կրծքով կերակրել
Հայաստանում առաջին անգամ օրենքով ամրագրում են, որ երեխան իրավունք ունի և պետք է կրծքով կերակրվի: Այդ դրույթն ամրագրված է առողջապահության կազմակերպիչների մշակած «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագծով: Օրենքի նախագիծն այսօր լրագրողներին ներկայացնելիս ԱՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ այդպիսի նախագիծը մշակվել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում և նկատեց, որ այն մշակելու համար առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը «քաղաքական մեծ կամք» է ցուցաբերել:
Երեխաներին կրծքով կերակրելը օրենքով սահմանելը, ըստ Քրմոյանի, նպատակ ունի կանխարգելել հիվանդությունները մեր երկրում: Ներկայացնելով օրենքի պահանջները, Քրմոյանն ասաց, որ բուժհիմնարկներում արգելվելու է մանկական կերերի գովազդը, կանոնակարգելու են, որ գործատուները ժամ հատկացնեն և հնարավորություն տան իրենց աշխատող կերակրող մայրերին կրծքով սնուցելու համար: «Հուսով ենք, որ ԱԺ-կառավարություն արդյունավետ համագործակցությունը թույլ կտա ընդունել այս օրինագիծը», -հավելեց Քրմոյանը:
ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը վստահ է, որ այս օրինագծով առողջապահական ցուցանիշների հարցում առաջընթաց կարձանագրվի, քանի որ կրծքով կերակրված երեխաները յոթ անգամ ավելի քիչ են հիվանդանում: Ըստ մասնագետի, կրծքով կերակրելը ազատում է երեխաներին ինֆեկցիաներից, հոգեբանական տրավմաներից: Կրծքի կաթի մեջ, Սարիբեկյանի խոսքով, կան էնդորֆիններ, որոնք հանգստացնում են, զարգացնում ուղեղի աշխատանքը: Մայրերն էլ են օգտվում կրծքով կերակրելուց. նվազեցնում է շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի ռիսկերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում