Հ. Մուսայելյան «Հայաստանում կիրառում ենք 21-րդ դարի գլոբալ բուհական տեխնոլոգիական կրթությունը»
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՊՃՀ կառավարման Խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն այսօր այցելեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերություն:
Հյուրերը եղան ընկերության ուսումնական դեպարտամենտում տեղակայված ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնում, հանդիպեցին ուսանողներին, նաև շրջայց կատարեցին ընկերության գիտաարտադրական կենտրոնում:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՊՃՀ կառավարման Խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բարձր է գնահատում «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունն ու կատարված աշխատանքը:
«Ուսումնական պրոցեսն ու գործնական աշխատանքը համատեղելու լավագույն պրակտիկան այսօր կիրառում է «Սինոփսիս Արմենիա»-ն: Այս ամենի արդյունքն էլ բուհերի հետ համագործակցության բարձր մակարդակն է: Համագործակցության նման մոդելը հետագայում կարելի է կիրառել նաև մեր տնտեսության այլ ոլորտներում, օրինակ ՝ էներգետիկայի և լեռնամետալուրգիայի»,- նշեց Սամվել Նիկոյանը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ձեռքբերումները, նշեց, որ այսօր արդեն Հայաստանում իրենց ընկերությունը կիրառում է 21-րդ դարի գլոբալ բուհական տեխնոլոգիական կրթությունը:
«Սինոփսիսի համար Հայաստանն այսօր ոչ միայն տարածաշրջանային կենտրոն է, այլ ավելին, քանի որ այն բուհական կրթական ծրագրերը, որոնք մշակվել են Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ի գիտահետազոտական կենտրոնում, արդեն իսկ կիրառվում են մի շարք Արաբական երկրներում, Հնդկաստանում և Չինաստանում»,- նշեց Հովիկ Մուսայելյանը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենը նաև տեղեկացրեց, որ ընկերությունը աշխարհում համագործակցում է շուրջ 1350 համալսարանի հետ, բայց Հայաստանի հետ համագործակցությունը բացառիկ է մոդելի և արդյունավետության առումով:
«Աշխարհի մյուս համալսարանների հետ Սինոփսիսը պարզապես համագործակցում է: Ըստ էության միայն Հայաստանում է, որ ուսումնական պրոցես է իրականացվում: Մենք արդեն այսօր այնպիսի մակարդակի ուսումնական պրոցես ենք իրականացնում Հայաստանում, որ մեր ուսանողներն ունակ են դասավանդելու աշխարհի տարբեր երկրներում»,-ասաց Հովիկ Մուսայելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է