Ա. Մանասյան. Սումգայիթում մարդկանց կոտորել են հայ լինելու համար. Ցեղասպանությունը հենց դա է
1988-ին Սումգայիթում տեղի ունեցածը մինշանակ ցեղասպանություն է. մարդկանց կոտորել են միայն հայ լինելու համար: Անդրադառնալով 1988 թ. փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձություններին, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի» ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:
«Իհարկե, այն ժամանակ խորհրդային Կրեմլը դա չէր ուզում տեսնել, Գորբաչովը սաստեց Վարդգես Պետրոսյանին, երբ նա Սումգայիթի ջարդերը կոչեց ցեղասպանություն: Բայց դա համապատասխանում է ցեղասպանության ամենասովորական սահմանմանը: Մարդկանց կոտորել են հայ լինելու համար: Ցեղասպանությունը հենց դա է»,- ասաց նա:
Մանասյանի բնորոշմամբ` շատերին զարմանք է պատճառում այն, թե ինչպես 70 տարիների ընթացքում խորհրդային ժողովուրդների բարեկամության կարգոխոսներով առաջնորդվող ինտերնացիոնալ Ադրբեջանում հանկարծ, օրը ցերեկով, միանգամից պայթեց քարանձավային այդ իրադարձությունները: Շատերը բացատրություն չեն գտնում, մինչդեռ այն կա:
«Բանն այն է, որ Արևելյան Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատելուց հետո «սոցիալիզմի» և «ժողովուրդների բարեկամության» կարգախոսները ձևական բնույթ են ունեցել տեղի թուրքի համար: Հայը շատ ավելի է հավատացել այն բանին, թե հայ-թաթարական բախումների մռայլ անցյալը այդպես էլ մնացել է անցյալում, մինչդեռ տեղի թուրքը բոլորովին այդպես չի մտածել, ավելին` նախապատրաստվել է դրան ու, ընդ որում, այդ բոլորը կատարվել է նաև թուրքական հատուկ ծառայությունների օգնությամբ»,- ասաց նա:
Պրոֆեսորի համոզմամբ` ադրբեջանցի ազգ գոյություն չունի, ադրբեջանցու անձնագրով մարդը կարող է լինել թալիշ, լեզգի, քուրդ, թուրք. այդ ջարդերն իրականացնելիս` ադրբեջանցու անվան տակ թուրքն է թաքնվել, ճիշտ այնպես, ինչպես 1918թ. հայ-թաթարական բախումների ժամանակ թաքնվել է մուսուլմանի անվան տակ:
Առանձնացնելով Սումգայիթի ցեղասպանության կատարման մի քանի պատմական փաստարկներ, Մանասյանը նշեց. «Պատահական չէ, որ 1988-ին, երբ Ստեփանակերտում ընդունվեց հայտնի դիմումը` անդրադառնալ ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակի հարցին, դրանից անմիջապես հետո Բաքվից անընդհատ Անկարա էին մեկնում Ադրբեջանի մտավորականներ, որոնք այնտեղից բերում էին իրենց անելիքների մասին ծրագրեր, նախագծեր»:
«Թուրքիան նախանցյալ դարի վերջերին օսմանիզմից անցել էր պանթյուրքական գաղափարախոսությանը, որը ենթադրում էր, թե Թուրքիան պետք է աշխարհագրական կապով կապված լիներ միջինասիական Թուրքեաստանի հետ` որտեղից էլ իրենք եկել են: 20-րդ դարի մեծագույն պատմաբաններից մեկը` Առնոլդ Թոյնբին նկատում է, որ նրանք պետք է որ հայազերծեին, հայերից մաքրեին Առանը` Աղվանքը (ներկայիս Ադրբեջանի տարածք) և Պարսկաստանի հյուսիսով աշխարհագրական կապ հաստատեին միջինասիական Թուրքեաստանի հետ` Մեծ Թուրան կառուցելու համար»,- ասաց նա և հավելեց, որ այդ գաղափարները մեկ օրում չեն ծնվում,- «Դա նշանակում է, որ դեռ անցյալ դարի վերջերում երբ հայկական ջարդեր էին իրականացվում Թուրքիայում արդեն գործողության մեջ էր դրված այդ ծրագիրը»:
Ամփոփելոեվ պատմական փաստարկների հիշատակումը` Մանասյանը շեշտեց. «Եվ, եթե այդ պանթյուրքական ծրագրից շարժվում ենք դեպի Սումգայիթ, ապա մենք կարող ենք միայն մի բան արձանագրել, մի իրողություն, որ Սումգայիթը եղել է այդ ծրագրի իրագործման փուլերից մեկը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան