Կաննի միջազգային կինոփառատոնին Հայաստանից ներկայացվելու է «Լուսապսակ» Ֆիլմը
Այս տարի Կաննի միջազգային կինոփառատոնին Հայաստանից ներկայացվելու է «Լուսապսակ» Ֆիլմը, որի նկարահանման և մոնտաժային աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նա նշեց, որ «Լուսապսակ» ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղիանակը Արամ Սուքիասիան է: Այս ֆիլմը Հայաստանում նկարահանված առաջին ռոք-օպերան է: Այն նկարահանվել է Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսի հիման վրա:
Գ. Գևորգյանի խոսքով, Հայաստանն արդեն երրորդ տարին է, որ առանձին տաղավարով մասնակցելու է փառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային:
Նա նշեց, որ Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվելիք կինոշուկայում ներկայացվելու են Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում նկարահանված ֆիլմեր, ինչպես նաև տարբեր ֆիլմերի համագործակցային փաթեթներ:
«Կինոշուկային մեր մասնակցությունը էապես նպաստեց հայկական կինոյի զարգացմանը, այն հնարավորություն տվեց կապեր հաստատել տարբեր երկրների ընկերությունների հետ, ինչպես նաև այն նպաստեց փորձի փոխանակմանը»,- ասաց նա և հավելեց, որ եթե 2006 և 2007 թվականներին Հայաստանում Ազգային կինոկենտրոնը նկարահանում էր 1 կամ 2 ֆիլմ, ապա այժմ` համագործակցության արդյունքում, նկարահանում է տարեկան 5 կամ 7 ֆիլմ:
Նրա խոսքով, Կաննի կինոշուկան մեզ հնարավորություն տվեց մեր ֆիլմերը ներկայացնել աշխարհին:
Կանի փառատոնը, որը համարվում է կինոարդյունաբերության ամենահեղինակավոր փառատոնը, առաջին անգամ անցկացվել է 1946 թվականին: Հայտնենք, որ փառատոնն անցկացվում է մայիսի 11-ից 22-ը ընկած ժամանակահատվածում: Նշենք, որ այս տարի 2011 թվականին կայանալիք Կաննի փառատոնի ժյուրին գլխավորելու է ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ Դե Նիրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան