Ինչո՞ւ դպրոցներում աշխատավարձ չի վճարվում. պարզաբանում են ֆինանսների նախարարությունից
Ֆինանսների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ֆինանսների նախարարությունը չֆինանսավորված հայտ չունի և նախարարություն ներկայացված բոլոր հայտերը լիարժեք և ամբողջությամբ ֆինանսավորվել են:
«Գանձապետարան եկած բոլոր հայտերը ֆինանսավորվում են աշխատանքային 1-2 օրվա ընթացքում: Այս պահի դրությամբ, բոլոր դպրոցները ֆինանսավորված են: Միայն Արագծոտնի մարզն էր կիսով չափ ֆինանսավորված քանի որ նոր ենք ստացել ֆինանսավորման հայտը, որը նույնպես ամբողջությամբ կֆինանսավորվի»,- հայտնեցին ֆինանսների նախարարության լրատվական բաժնից:
Նշենք, որ վերջին շրջանում մամուլում շրջանառվող կարևոր թեմաներից էր դպրոցներում աշխատավարձերի չվճարման կամ մասամբ վճարման հարցը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ մայրաքաղաքի և մասնավորապես Արագածոտնի մարզի դպրոցների ուսուցիչներնը միչ օրս աշխատավարձ չեն ստացել կամ աշխատավարձերը մասամբ են վճարվել:
Մամուլի վարկածներից մեկի համաձայն, մի շարք դպրոցներում ուսուցիչների աշխատավարձերը մասամբ են վճարվել, քանի որ նրանք անցած տարվա դեկտեմբերի մեծ մասը չեն աշխատել:
Հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում կրթության եւ գիտության նախարարի հրամանով դադարեցվել էր ուսումնական հաստատությունների գործունեությունը` երկրում գրիպի համաճարակը կանխելու նկատառումով:
Կրթության և գիտության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Վահե Թոփալյանը հավաստիացրել էր, որ իրենց ենթակայությամբ գործող դպրոցների ուսուցիչներն ամբողջությամբ են վճարվել:
Ֆինանսների նախարարությունում, մեզ հետ զրույցում, անհիմն համարեցին այն պատճառաբանությունը, թե դպրոցների աշխատավարձերի հետ կապված խնդիրը կապված է բյուջեի միջոցների անբավարարության հետ:
Նշենք նաև, որ ֆինանսների նախարարության օրեր առաջ տարածած բյուջեի հունվար ամսվա կատարողականի համաձայն, 2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 20.1 մլրդ դրամ հավելուրդով:
Մասնավորապես նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 1.4%-ով կամ 476.8 մլն դրամով` հիմնականում պայմանավորված կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձի գծով ծախսերի, ինչպես նաև այլ ծախսերի աճով: