«Ենի Մուսավաթ». «Նախիջևանի բանակային կորպուսում թաքցվում են երեք զինվորների մահվան հանգամանքները»
Ադրբեջանի մարտական դիրքերից մեկում, փետրվարի 20-ին 7 զինվորների գնդակահարվելուց հետո ադրբեջանական բանակում մահվան այլ փաստերի հետ կապված նոր տեղեկություններ են հայտնի դարձել:
«Ենի Մուսավաթ» թերթը գրում է, որ ըստ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Շահբուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ծառայող սպաներից մեկի` այս տարվա հունվար ամսին իրենց զորամասում 5 մահվան, 2 վիրավորվելու և մեկ պայթյունի դեպք է տեղի ունեցել: Դրանցից մեկը հունվարի 15-ին տեղի ունեցած ձնահոսքի հետ է կապված: Պաշտոնական տեղեկության համաձայն, այդ ժամանակ երկու զինվոր է մահացել` Էլշադ Բայրամովն ու Թավրիզ Համզաևը: Թերթի աղբյուրը հայտնել է, որ այդ օրերին զորամասում ևս երեք մահվան դեպք է տեղի ունեցել, ինչը հասարակությունից թաքցվել է: Նա ասել է, որ զորամասի 12-րդ ջոկատում երկու զինվորի միջև տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում նրանցից մեկը մահացել, մյուսն էլ` ծանր վիրավորվել է: Թաքցվել է նաև ևս երկու զինվորների մահը: Նրանից մեկը մահացել է երիկամների հիվանդության, մյուսն էլ` բարձր ջերմության պատճառով: Այս երկու զինվորները մահացել են հրամանատարության անտարբերության պատճառով: Զորամասում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի արդյունքում ծանր վիրավորվել է կապիտան Էլչին Հուսեյնովը: Հասարակությունը չի տեղեկացվել նաև այս դեպքի մասին:
Աղբյուրը հայտնել է նաև, որ Նախիջևանի բանակային կորպուսում զինվորին հոսպիտալ տեղափոխելու հարցը որոշվում է միմիայն կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուստաֆաևի թույլտվությամբ: Նա թույլ չի տվել հիշյալ երկու հիվանդ զինվորներին տեղափոխել հոսպիտալ:
«Նախիջևանի կորպուսում շարունակվող ամենաթողության մասին վկայում է նաև այն փաստը, որ 2008 թ-ին օդային պաշտպանության զորամասում 300 տ դիզելային վառելիք է անհետացել: Զորամասում ստուգումներ են սկսվել: Ք. Մուստաֆաևը օգնություն է խնդրել Նախիջևանի գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովից, ով մերժել է օգնություն տրամադրել: Ք. Մուստաֆաևը դիմել է Ադրբեջանի նախագահի թիկնազորի ղեկավար Բեյլեր Էյուբովին (Վ.Թալիբովի բաջանաղը), որից հետո իրավիճակը փոխվել է Ք. Մուստաֆաևի օգտին: Ամբողջ մեղքը բարդվել է զորամասի հրամանտար Ագշին Մեմմեդովի վրա, որի նկատմամբ հարուցված քրեական գործը դեռ շարունակվում է»,- հայտնել է նախիջևանցի սպան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան