Քադաֆին եղել է Հեյդար Ալիևի բարեկամն ու եղբայրը. ի՞նչն է միավորում Իլհամ Ալիևին ու Քադաֆիին
«Ազադլիգ» թերթը գրում է, թե ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից դատապարտված, Լիբիայի նախագահ, բռնակալ Մուամար Քադաֆին եղել է Ադրբեջանի իշխանության թանկագին ժառանգորդների ցուցակում: Ճիշտ է, Ադրբեջանի իշխանությունը ժամանակ չի ունեցել Հոսնի Մուբարաքի նման նրա հուշարձանն էլ կանգնեցնել Բաքվում, բայց Քադաֆին մշտապես գտնվել է Ադրբեջանի իշխանության սրտում:
Շատերը կարծում էին, թե Ադրբեջանի ներկայիս քաղաքական համակարգի հիմնադիր հանգուցյալ Հեյդար Ալիևը միայն Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ է «բարեկամ և եղբայր» եղել: 2000 թ-ի նոյեմբերի 21-ին «Ազերբայջան» թերթը գրել է, որ «Ադրբեջանի հանրապետության նախագահ Հեյդար Ալիևը 2000 թ-ի նոյեմբերի 20-ին Լիբիայի բարձրագույն ժողովրդական կոմիտեի` արտասահմանյան կապերի և միջազգային համագործակցության քարտուղարի (նախարարի) քաղաքական հարցերով տեղակալ Սեդ Մուստաֆա Մուջբիրի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է, որ հիացած է իր «բարեկամ և եղբայր» Քադաֆիի` Աֆրիկյան միություն ստեղծելու ջանքերով, որը պետք է միավորի 700 մլն մահմեդականների»:
Թերթը գրում է, որ Հեյդար Ալիևի ժառանգությանը հավատարիմ Իլհամ Ալիևի` Քադաֆիի նկատմամբ վերաբերմունքն էլ է բարձր մակարդակի վրա: Ինչպես հայտնի է, Իլհամ Ալիևը Բելառուսի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է: Նա այդ կոչմանն արժանացել է Բելառուս կատարած պաշտոնական այցի ժամանակ: Իսկ Բելառուսի պետական համալսարանը ընդամենը երկու պետության ղեկավարի է արժանացրել այդ կոչմանը: Պարզվում է, որ Ի.Ալիևից բացի, այդ կոչմանն արժանացել է միայն Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին: