Դինքին սպանելու համար Սամաստը ստացել էր 180 լիրա գումար (մոտ 120 դոլար)
Տեղի է ունեցել «Ագօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը` այս անգամ արդեն անչափահասների գործերը քննող Ստամբուլի դատարանում: Հիշեցնենք, որ 2010-ի հոկտեմբերի 25-ին Բեշիկթաշի բարձրագույն քրեական դատարանը, բավարարելով Դինքին սպանած Օգյուն Սամաստի փաստաբան Lևենթ Յըլդըրըմի հայցը, Սամաստի գործը քրեական դատարանից անչափահասների դատարան տեղափոխելու որոշում կայացրեց:
Ինչպես հայտնում է «CnnTurk» լրատվական ծառայությունը, դատարանի դահլիճում Սամաստը հայտարարել է, թե սպանությունից անցել է 4 տարի, և ինքն այլևս ոչինչ չի հիշում:
«Ավելի ճիշտ` մոռացել եմ: Ավելի վաղ հնչեցրած իմ պաշտպանական խոսքն էլ չեմ հիշում: Չեմ հիշում իմ նախկին ցուցմունքը: Հիմա հենց ցուցմունքներս հակասական եղան, ստախոսի դրության մեջ կընկնեմ: Իմ նախկին ցուցմունքը եթե ընթերցվի, ըստ այդմ էլ կպատասխանեմ դատարանի հարցերին»,- ասել է Օգյուն Սամաստը:
Վերջինս դատարանին հայտնել է, որ Դինքի սպանության կազմակերպիչներից մեկը` Յասին Հայալը, Ստամբուլ ուղևորվելուց առաջ իրեն տվել է 180 լիրա գումար, ատրճանակ և Հրանտ Դինքի լուսանկարը: Իսկ դատավորներից մեկի այն հարցին, թե ինչու կատարեց այդ սպանությունը, Սամաստը պատասխանել է` չգիտեմ: Դատավարությունը դարձյալ հետաձգվել է:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Շիշլի թաղամասում գտնվող «Ագօս» թերթի խմբագրատան առջև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան